Վրաստանի կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ուռուցքաբանական ախտորոշմամբ յուրաքանչյուր երեխայի՝ պետական ֆինանսավորմամբ, Վրաստանում և արտերկրում՝ Թուրքիայի, Իսրայելի և Իսպանիայի առաջատար կլինիկաներում ախտորոշվելու և բուժվելու հնարավորությունը:
Ծրագրի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 30 մլն լարի։ Շուկայի նախնական հետազոտությունների հիման վրա արտերկրում արդեն ընտրվել են ժամանակակից չափանիշներով և միջազգային հավատարմագրված բարձր տեխնոլոգիական կլինիկաներ, որտեղ ծառայությունների ամբողջական շրջանակը համակցված է մեկ տարածքում։
«Ծրագրի շրջանակներում հիվանդները հնարավորություն կունենան ստանալ բարձրակարգ, բարձր տեխնոլոգիական բժշկական ծառայություններ, այդ թվում՝ պրոտոնային թերապիա, որը ժամանակակից բժշկության մեջ վերջին խոսքն է պինդ ուռուցքների որոշ տեսակների բուժման համար։
Հարցի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ հատկապես երեխաների համար որակյալ ուռուցքաբանական ծառայությունների հասանելիության ապահովումը պետության առաջնահերթությունն է»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի առողջապահության նախարարության և բուժհաստատությունների միջև համագործակցության համաձայնագրեր կստորագրվեն մինչև ամսվա վերջ, որից հետո ուռուցքաբանությամբ ախտորոշված երեխաները բժշկական ծառայություններ կստանան ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում՝ ըստ անհրաժեշտության՝ Իսպանիայում, Իսրայելում և Թուրքիայում։ aliq.ge