Մուսոնային անձրեւները Հնդկաստանի հյուսիսում հանգեցրել են սողանքների եւ հեղեղումների, որոնց պատճառով մահացել է առնվազն 22 մարդ, երկուշաբթի տեղեկացրել է The Guardian պարբերականը։
Զոհվածների մասին տեղեկացրել են հինգ նահանգներ։ Հիմաչալ Փրադեշում հեղեղումները հանգեցրել են կամրջի եւ մի քանի բարաքների փլուզման։ Մարդկանց փրկելու համար իշխանություններն ուղղաթիռներ են գործի դրել։ Նախօրեի երեկոյան նահանգի իշխանությունները մարդկանց խնդրել են դուրս չգալ տներից, քանի որ էլ ավելի շատ անձրեւներ են սպասվում առաջիկա 24 ժամում։ Փորձագետները նշել են, որ նահանգի շատ հատվածներում հանգստյան օրերին գերազանցվել է տեղումների ամսական նորմը։
Հյուսիսային շատ նահանգներում հեղեղվել են փողոցները, փրկարարներն օգտագործել են ռետինե նավակներ մարդկանց փրկելու համար, որոնք փակված են մնացել իրենց տներում։
Երկրի մայրաքաղաք Դելիում եղանակային ծանր պայմանների հետ կապված՝ փակել են դպրոցները։ Քաղաքի որոշ փողոցներում ջրի մակարդակը բարձրացել է մինչեւ մարդկանց ծնկները, քաղաքում տեղումների մակարդակը հասել է 153 միլիմետրի, որն ամենամեծ քանակությունն է հուլիսին մեկ օրվա համար 40 տարիների ընթացքում։ news.am