Թբիլիսիի Վակե թաղամասի վարչակազմը հայտարարություն է տարածել Ծկղնեթիում դեռահասի մահվան կապակցությամբ։
Ըստ հաղորդագրության՝ Փանչատուրիում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, էլեկտրական սարքավորումները տեղադրվել են ապօրինի և կապված չեն հրապարակի ենթակառուցվածքների հետ։
«Կիսում ենք ընտանիքի և հարազատների մեծ ցավը… Հետաքննությունը կպարզի դեռահասի մահվան ստույգ պատճառը։ Նաև կբացահայտվեն այն անձինք, որոնք ապօրինի կատարել են այդ աշխատանքը»,- նշել են վարչակազմից։
Ծկղնեթիում մահացած դեռահասը 15 տարեկան էր։ Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ տղան մահացել է հրապարակում էլեկտրական լարերին հպվելու հետևանքով։ Այգու մոտակայքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
«Հրապարակում երեխաները խաղացել են, և մենք չհասկացանք, թե ինչպես պետք է այդտեղ հոսանք լիներ։ Հարևանները փորձել են օգնել մինչև շտապօգնության ժամանելը։ Շտապօգնությունը 45 րոպե սրտի մերսում է արել, սակայն նրան օգնել չեն կարողացել»,- պատմել է ականատեսը։
Դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում։