ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն խոշոր բիզնես դրամաշնորհներ են տրամադրում վրացական յոթ ընկերությունների

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն խոշոր բիզնես դրամաշնորհներ են տրամադրում վրացական յոթ ընկերությունների

Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու տեղական գործընկերների կողմից իրականացվող «Աջակցություն կապիտալ շուկային» ծրագիրը, որը տեղական կապիտալի շուկայի ընդլայնման մեխանիզմներին ուղղված նախաձեռնություն է, խոշոր բիզնես դրամաշնորհներ է տրամադրել վրացական յոթ ընկերությունների:

Դրամաշնորհ ստացած ընկերությունների թվում են Georgian Renewable Power Operations, Crystal, MBC, Rico Group, TBC Leasing, Tegeta Holding, Energy Development Georgia կազմակերպությունները: Տրամադրված դրամաշնորհները կօգնեն նրանց համաֆինանսավորել արժեթղթերի թողարկման հետ կապված ծախսերը:

18 ամիս առաջ մեկնարկած «Աջակցություն կապիտալի շուկային» ծրագիրն օգնել է Վրաստանում կապիտալի շուկայի ընդլայնման մեխանիզմների ստեղծմանը եւ ներդրմանը:

Ծրագիրն ընկերությունների համար ստեղծել է ռեսուրսների հասանելիության հնարավորություններ եւ խրախուսել շուկայում բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման (ESG) սկզբունքների ընդունմանը:

Արդյունքում, ծրագիրը վրացական շուկայում ներկայացրել է հինգ «նորարարական» արժեթղթեր, այդ թվում՝ երեք կանաչ, մեկ գենդերային եւ մեկ կայունության հետ կապված պարտատոմսեր։

ԵՄ-ի եւ ՄԱԶԾ-ի աջակցությամբ Վրաստանում պաշտոնապես բացվել է Լագոդեխի պատմության թանգարանը

Հուլիսի 1-ին Վրաստանում պաշտոնապես բացվել է Լագոդեխի պատմության թանգարանը:

Թանգարանի ամբողջական վերականգնումը, որն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, ֆինանսավորվել է ԵՄ-ի եւ տեղական համայնքային իշխանությունների կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը 724,999 լարի է:

Թանգարանի տարածքը վերանորոգվել է՝ ցուցահանդեսների եւ կրթական գործունեության համար բացարձակ նոր տարածք առաջարկելով այցելուներին:

Բարեկարգվել է նաեւ թանգարանի բակը, որտեղ կան բաց ընթերցասրահներ եւ հարմարեցված բացօթյա բեմ։ Վրաստանի բազմադարյա պատմությունն արտացոլող արտեֆակտները, որոնք տարիներ շարունակ պահվում էին արկղերում, վերջապես ցուցադրվում են հատուկ ցուցափեղկերում:

ՄԱԶԾ-ի աջակցությամբ ստեղծվել եւ թանգարանի շենքի առաջին հարկում է տեղավորվել ժամանակակից «Մեդիատեկ» երիտասարդական կենտրոնը։

Ապատեղեկատվության դեմ պայքարի եւ թվային գրագիտության խթանման վերաբերյալ ԵՄ ուղեցույցներն այժմ հասանելի են ուսուցանողներին վրացերեն լեզվով

Կրթության եւ վերապատրաստման միջոցով ապատեղեկատվության դեմ պայքարի եւ թվային գրագիտության խթանման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված ուղեցույցների վրացերեն թարգմանությունն այլեւս հասանելի է առցանց։

Եվրամիության այս ուղեցույցները, որոնք առաջին անգամ հրապարակվել են անգլերեն լեզվով 2022 թվականի հոկտեմբերին, տրամադրում են մանկավարժական փորձ առ այն, թե ինչպես կարելի է ամրապնդել երիտասարդների քննադատական մտածողության հմտությունները՝ թվային աշխարհում նրանց դիմակայունությունը խթանելու համար:

Ուղեցույցները նաեւ նպատակ ունեն ավելի լայն պատկերացում փոխանցել կրթության եւ վերապատրաստման միջոցով ձեռք բերվող թվային գրագիտության մասին, խթանել թվային տեխնոլոգիաների պատասխանատու եւ անվտանգ օգտագործումը, ինչպես նաեւ նպաստել ապատեղեկատվության վերաբերյալ հանրային իրազեկվածության ու գիտելիքների զարգացմանը։

Փաստաթուղթը նախատեսված է տարրական եւ միջնակարգ դպրոցական ուսումնական հաստատությունների տարբեր առարկաների ուսուցիչների/դասավանդողների համար, ովքեր ունեն տարբեր մակարդակի փորձ եւ գիտելիքներ ոլորտում:

Եվրոպական միությունը մեկնարկում է «EU4Business» ծրագրի նոր փուլը

Եվրոպական միությունը մեկնարկել է «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի (EU4Business) III փուլը՝ աջակցելու Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կայուն տնտեսական աճին:

Հաջորդ չորս տարիների ընթացքում նախաձեռնությունը կղեկավարի գերմանական GOPA Worldwide Consultants-ը, որը զարգացման խորհրդատվության ոլորտի առաջատարներից է։

«EU4Business» ծրագիրը կիրականացնի ԱլԳ տարածաշրջանի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելուն ուղղված ԵՄ նախագծերի կանոնավոր եւ համապարփակ մշտադիտարկում, կգնահատի «EU4Business»-ի տարածաշրջանային եւ երկկողմ նախագծերի ազդեցությունն ու արդյունքները, ինչպես նաեւ կնպաստի ԵՄ աջակցության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել «EU4Business» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ՓՄՁ-ների աջակցությանն ուղղված ծրագրերի հետ համակարգումը եւ ներգրավել հիմնական շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են ձեռնարկատերերը, պետական մարմինները եւ կրթական հաստատությունները:

«EU4Business» նախաձեռնությունն ուղղված է ներդրումների ավելացմանը եւ ավելի բարվոք սոցիալ-տնտեսական պայմանների ձեւավորմանը՝ ի վերջո ավելի շատ զբաղվածություն եւ եկամուտ ստանալու հնարավորություններ ապահովելով մասնավոր հատվածի համար: Նախաձեռնությունն աջակցություն է ցուցաբերում կին ձեռներեցներին, գյուղական վայրերում գործող բիզնեսներին, երիտասարդ ձեռներեցներին, բիզնեսների կողմից էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանը եւ դրանց համար ֆինանսների հասանելիությանը:

2021 թվականին «EU4Business» նախաձեռնությունն աջակցություն է առաջարկել 78,045 ՓՄՁ-ների՝ հանգեցնելով ակնառու արդյունքների: Աջակցություն ստացած ՓՄՁ-ները գեներացրել են լրացուցիչ 2,03 միլիարդ եվրո եկամուտ եւ նպաստել 66,678 նոր աշխատատեղերի ստեղծմանը: ՓՄՁ-ները գրանցել են նաեւ շրջանառության նկատելի աճ (+26,23%) եւ արտահանման աճ (+11,2%)։ Այս թվերը զգալիորեն գերազանցում են այն ՓՄՁ-ների ցուցանիշները, որոնք օգնության համար չեն դիմել «EU4Business»-ին:

Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց. Վրաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հարթակ չդառնալու համար

Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանը հունիսի 28-ին Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները շատ լուրջ են վերաբերվում այն խնդրին, որպեսզի երկիրը պատժամիջոցների շրջանցման հարթակ չդառնա։

Օ’Սալիվանն այս օրերին այցելում է տարբեր երկրներ՝ համոզվելու, որ նրանք չեն շրջանցում կամ չեն նպաստում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի պատճառով վերջինիս դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների շրջանցմանը:

«Մասնավորապես, մենք կենտրոնացած ենք ռազմական նշանակության 38 ապրանքների վրա, որոնք ուկրաինացիները հայտնաբերում են մարտի դաշտում եւ որոնք օգտագործվում են ռուսական զենքն ավելի մահացու, խելացի եւ մահաբեր դարձնելու համար»,- Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Օ’Սալիվանը։

Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնացի խոսքով՝ Վրաստանը հետեւողական չէ ԵՄ պատժամիջոցների հարցում՝ չնայած Եվրոպական միության անդամ դառնալու իր ձգտումներին։ «Մենք հասկանում ենք խիստ առանձնահատուկ իրավիճակը, որում հայտնվել է Վրաստանը Ռուսաստանի հետ եւ՛ տնտեսապես, եւ՛ աշխարհագրորեն, եւ՛  շատ այլ առումներով սերտ շփումների մասով: Ուստի, մենք հասկանում ենք, որ նրանք չեն պատրաստվում կիրառել մեր պատժամիջոցները», – նշել է Օ’Սալիվանը:

Միեւնույն ժամանակ, Օ’Սալիվանը հայտարարել է, որ «ինչպես երկակի օգտագործման, այնպես էլ ռազմական նշանակության 38 ապրանքների առնչությամբ մենք շատ գոհ ենք ստուգման եւ մոնիտորինգի համակարգերից, որոնք վրացական իշխանությունները ներդրել են, որպեսզի թույլ չտան, որ այդ ապրանքներն այս երկրից ճանապարհ չգտնեն դեպի Ռուսաստան»։

Նա հավելել է, որ ԵՄ-ն «ոչ մի ցանկություն չունի խաթարելու կամ կանխելու Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օրինական առեւտուրը», սակայն, նրա կարծիքով, «Եվրոպայի հետ առեւտուրն ավելի լավ հեռանկար է առաջարկում [Վրաստանին], քան առեւտուրը Ռուսաստանի հետ»։

ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն երիտասարդական կենտրոն են բացել Վրաստանի Շիդա Քարթլիի շրջանում

Վրաստանի Շիդա Քարթլիի շրջանի Քվեմո Չալա գյուղում բացվել է բոլորովին նոր երիտասարդական կենտրոն։ Գյուղը գտնվում է Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի վարչական սահմանագծի հարեւանությամբ:

Երիտասարդական կենտրոնը ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Եվրոպական միության եւ տեղական «Կոնա» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Այստեղ կիրականացվեն բազմաթիվ կրթական ծրագրեր եւ քաղաքացիական ակտիվության նախաձեռնություններ՝ ուղղված երեխաներին եւ երիտասարդներին: Կենտրոնը կծառայի նաեւ որպես տարեցների հավաքատեղի՝ նրանց հատուկ տարածք  առաջարկելով հանդիպումների եւ ուսուցման դասընթացների համար:

Երիտասարդական կենտրոնի բացումը հնարավոր է դարձել «EU4Dialogue» ծրագրի միջոցով, որն ուղղված է նպաստելու Հարավային Կովկասի եւ Մոլդովայի՝ հակամարտություններից տուժած տարածաշրջանների փոխակերպմանը:

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է «ԵՄ լրագրության մրցանակ 2023» մրցույթը

Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ընդունում է հայտեր 2023 թվականի ԵՄ լրագրության մրցանակի համար:

2012 թվականին Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հիմնադրված մրցանակը խրախուսում է վրաստանցի լրագրողների արհեստավարժությունն ու էթիկական վարքագիծը: Կոնֆլիկտազգայուն լրագրության համար հատուկ մրցանակը շնորհվում է վստահության ամրապնդմանը եւ խաղաղությանը նպաստող լրատվամիջոցներին եւ հանձնվում է Եվրոպականմիության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) կողմից:

2023 թվականին ԵՄ լրագրության մրցանակ կշնորհվի ութ անվանակարգերում.

  • Տպագիր կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն նյութ,
  • Հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ռեպորտաժ,
  • Տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն հետաքննական նյութ,
  • Տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն բլոգային նյութ, կարծիք կամ սյունակ,
  • Տպագիր, հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցներում հրապարակված ամենանորարար եւ ինքնատիպնյութ,
  • ԵՄ արժեքներն արտացոլող լավագույն փաստագրական լուսանկար,
  • Տպագիր, առցանց կամ հեռարձակվող լրատվամիջոցներում հրապարակված լավագույն ուսանողական աշխատանք,
  • Լավագույն կոնֆլիկտազգայուն լրագրողական աշխատանք, որը նպաստում է Վրաստանում զինված հակամարտությունների համատեքստում վստահության ամրապնդմանը եւ խաղաղությանը (ԵՄԴԱ հատուկ մրցանակ խաղաղության լրագրության համար):

Առաջին յոթ անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգեւ՝ յուրաքանչյուրը մոտավորապես 5,200 լարիի չափով: Կոնֆլիկտազգայուն լրագրության համար ԵՄԴԱ-ի հատուկ մրցանակակիրը կստանա Լոնդոնի Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի մեկամսյա կրթաթոշակ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 1-ը:

Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է 434,8 միլիոն եվրոյի մրցույթ՝ դոկտորանտների վերապատրաստմանն աջակցելու համար

Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ՝ 2023 թվականի Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողությունների (MSCA) դոկտորական ցանցերի շրջանակներում: Ակնկալվում է, որ տվյալ մրցույթի շրջանակներում կֆինանսավորվեն ավելի քան 130 դոկտորական ծրագրեր գիտության բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ՝ 1,600 դոկտորանտների վերապատրաստումն ու հմտությունների զարգացումը:

434,8 միլիոն եվրո բյուջեով մրցույթը կիրականացնի դոկտորական ծրագրերի ֆինանսավորում՝ եվրոպական եւ այլ երկրներում գործող համալսարանների, հետազոտական հաստատությունների եւ հետազոտական ենթակառուցվածքների, բիզնեսների՝ ներառյալ ՓՄՁ-ների եւ այլ սոցիալ-տնտեսական դերակատարների համագործակցությամբ։

MSCA դոկտորական ցանցերը բաց են միջազգային կոնսորցիումների համար, որոնցում ներառված են առնվազն երեք անկախ իրավաբանական անձինք՝ հիմնադրված ԵՄ անդամ կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված (Հայաստան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) առանձին երկրներում, ընդ որում՝ նրանցից առնվազն մեկը պետք է հիմնադրված լինի ԵՄ անդամ երկրում։ Այս նվազագույն պահանջը բավարարելու դեպքում կոնսորցիումին կարող են միանալ նաեւ այլ կազմակերպություններ աշխարհի ցանկացած երկրից:

Դոկտորական ծրագրերը կբավարարեն հետազոտությունների եւ նորարարությունների (R&D) տարբեր ոլորտների կարիքները, հետազոտողներին կծանոթացնեն ակադեմիական եւ ոչ ակադեմիական ոլորտների հետ եւ կառաջարկեն հետազոտությունների, ինչպես նաեւ նորարարությունների ու երկարաժամկետ զբաղվածության համար անհրաժեշտ փոխանցվող հմտությունների եւ կարողությունների հետ կապված վերապատրաստում (օրինակ՝ ձեռներեցություն, արդյունքների առեւտրայնացում, մտավոր սեփականության իրավունք, հաղորդակցություն):

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 28-ն է:

Radio NOR · ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն խոշոր բիզնես դրամաշնորհներ են տրամադրում վրացական յոթ ընկերությունների

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։