Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր դպրոցների գործող ուսուցիչներ, ովքեր կարգավիճակ դեռ չունեն անհանգստացած էին, քանի որ դպրոցների տնօրինությունից ստացել էին տեղեկություն առ այն, որ իրենք արձակուրդային չեն ստանալու, քանի որ կարգավիճակ չունեն։ JNEWS-ը դիմեց ԿԳ նախարարություն, տեղեկանալու արդյո՞ք նրանք չեն ստանալու արձակուրդային։
ԿԳ նախարարության տրամադրած տեղեկությունում ասվում է՝ հանրային դպրոցների ուսուցիչների վարձատրությունը հիմնված է Վրաստանի կրթության և գիտության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի N126/Ն հրամանի «Հանրային դպրոցների ուսուցիչների վարձատրության նվազագույն չափի և պայմանները սահմանելու մասին» հրամանագրի և աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Իսկ նույն հրամանագրի 12-րդ հոդվածի համաձայն՝ ուսուցիչը/հատուկ ուսուցիչը «Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա և արձակուրդների մեկնարկի և ավարտի ամսաթվերի որոշման մասին» կրթության և գիտության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 84/Ն հրամանով նախատեսված արձակուրդների ժամանակահատվածում պահպանվում է սույն հավելվածով սահմանված կանոններով հաշվարկված վարձատրությունը։
Նաեւ նշվում է.
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության «Ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի մասին» 2019 թվականի մայիսի 23-ի N241 որոշման համաձայն՝ «գործող ուսուցիչ է համարվում այն անձը, ով որպես գործող ուսուցիչ ընդգրկված է ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայում և չունի ավագ, առաջատար կամ մենթոր ուսուցչի կարգավիճակ, ով աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքի է ընդունվում որպես գործող ուսուցիչ հանրակրթական հաստատությունում։ Ինչպես նաև, «Ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեման հաստատելու մասին» Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի թիվ 241 հրամանագրում փոփոխություն մտցնելու վերաբերյալ, Վրաստանի կառավարության 2023 թվականի հունիսի 12-ի թիվ 221 որոշման համաձայն՝ ոչ վրացալեզու դպրոցների/ոլորտների գործող ուսուցիչները պահպանում են գործող ուսուցչի կարգավիճակը մինչև 2025-2026 թթ․»։