Նինոծմինդայում թափառող շների խնդիրն օրեցօր սրվում է. Բնակիչները մտահոգված են, որ շները ագրեսիա են ցուցաբերում և հարձակվում մարդկանց վրա, և այս խնդրի լուծման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում:
Վրաստանի օրենսդրությունն արգելում է դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խնդրի լուծմանը, ապա Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեով միջոցների հատկացում նախատեսված չէ ։
Կենդանիների ապաստարան, որտեղ կարելի է տանել թափառող շներին, ինչպես նաև ստերիլիզացման մեխանիզմներ, որպեսզի նրանք չբուծվեն, Նինոծմինդայում չկան։ Սա հանգեցնում է շների թվի տարեկան աճին և մարդկանց դժգոհությանը։
Երեկ մի խումբ շներ զբոսնել են Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում։ Վերականգնումից հետո այգին երեկոյան ժամերին լի է մարդկանցով։ Ծնողներն իրենց երեխաներին տանում են զբոսանքի, երիտասարդներն ու մեծերը զբոսնում են: Շների ոհմակը սպառնալիք է թե՛ այստեղի, թե՛ քաղաքի այլ հատվածներում ապրող մարդկանց համար։
Նինոծմինդայի բնակիչներից մեկը մեզ տեսանյութ է տրամադրել, որտեղ կարելի է տեսնել, որ շները խմբերով շրջում են, հարձակվում այլ շների վրա, իսկ ներկա մարդիկ վախենում են։