Փոխնակ մայրերը 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում 1,6 հազար երեխա են լույս աշխարհ բերել, ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ՝ ի պատասխան պատգամավորի խնդրանքի։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս ընթացքում փոխնակ մայրության միջոցով ծնվել է 1631 երեխա, իսկ արհեստական բեղմնավորման արդյունքում՝ 2288 երեխա։
Ընդ որում, միայն 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում փոխնակ մայրության միջոցով ծնվել է 517, իսկ արհեստական բեղմնավորման միջոցով՝ 459 երեխա։
2024 թվականի հունվարից Վրաստանում արտամարմնային բեղմնավորումը և փոխնակ մայրերի օգտագործումը հասանելի կլինեն միայն երկրի քաղաքացիներին։ Վրաստանում դոնորները կամ փոխնակ մայրերը կարող են միայն անշահախնդիր լինել: Սրա համար փոխհատուցում չի լինելու։ Միակ բացառությունը հղիության և ծննդաբերության ծախսերն են:
Ավելի վաղ Առողջապահության նախարարության ղեկավար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում այդ ուղղությունը չի կարգավորվում, ինչը կարող է հանգեցնել երեխաների թրաֆիքինգի կամ օրգանների առևտրի դեպքերի, բացի այդ, անհնար է հետևել, թե ուր են ուղարկել երեխաներին։
Նախարարն առաջարկել է, որ օրենսդրական նախաձեռնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Վրաստանի ժողովրդագրության վրա։ Բացի այդ, օրենսդրական փոփոխությունների համաձայն, Վրաստանում կարգելվի փոխնակ մայրության և արհեստական բեղմնավորման հետ կապված գովազդը։