Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպանը

Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպանը

Ձերբակալվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման, Սերգեյ Սմբատյանին՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։

Ըստ հաղորդագրության՝ դեսպանը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012-ին Հայաստանի կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Դատախազությունը գործից այլ մանրամասներ է նաև ներկայացնում, նշելով, որ արդյունքում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012թ. «Սոխոսենթր» ընկերության հետ, որը Արմեն Սմբատյանն է համոզել հիմնել իր ազգականին, կնքել է «Գույքի օտարման և գրավի» և «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր»-ի կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը, նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

«Հ.Պ.-ն «Սոխոսենթր» ՍՊ ընկերության բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս», – նշում է գերատեսչությունը։

Ըստ հաղորդման՝ միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։

Azatutyun.am