Ախալքալաքի, Ասպինձայի, Նինոծմինդայի, Ախալցիխեի և Ծալկայի տեղական միջին և խոշոր ձեռներեցները «Մանթաշյանց» ձեռներեցների ակումբի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի գործարարների հետ։ Ակումբի Ջավախքի մասնաճյուղը կբացվի Ախալքալաքում, որին կարող են անդամագրվել ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար տարեկան շրջանառություն ունեցող գործարարները։
Համաժողովին մասնակցել են 34 տեղացի գործարարներ։ Համաժողովի արդյունքում կհիմնադրվի «Mantashyants Javakhk» ՍՊԸ-ն, որը կհամակարգի ակումբի աշխատանքն ու համագործակցությունը տեղի գործարարների հետ։ Կազմակերպության ապագա համահիմնադիր և տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, համաժողովի 12 մասնակից արդեն ցանկություն է հայտնել դառնալ ակումբի անդամ։ Կազմակերպության համահիմնադիրը կլինի «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) տնօրեն Սամվել Մկոյանը։
«Վատ արդյունք չէ: 12 գործարարներ ցանկություն են հայտնել մեզ հետ պայմանագիր կնքել: Մենք պատրաստ ենք աշխատել: Նախատեսում եմ համագործակցել ակումբի Թբիլիսիի մասնաճյուղի, Վրաստանի բիզնես ասոցիացիայի հետ: Մենք նախատեսում ենք հանդիպում կազմակերպել «Մանթաշյանց» ակումբի երևանյան ներկայացուցչության եւ Վրաստանի բիզնես ասոցիացիայի հետ»,- ասում է Վրեժ Բերիկյանը։
Ակումբի անդամները կվճարեն ամսական անդամավճար, որով կկազմակերպվեն տարբեր հանդիպումներ, սեմինարներ փորձի փոխանակման, բիզնեսի զարգացման համար։
Ակումբում կարող են ընդգրկվել ինչպես միջին, այնպես էլ խոշոր գործարարներ, ինչպես նաև մենեջերներ, ովքեր ունեն 30-ից ավելի աշխատող։ Վրեժ Բերիկյանի խոսքով, ճիշտ է, կա տարեկան շրջանառության նվազագույն արգելք, ըստ որի՝ գործարարները կարող են մտնել ակումբ, բայց նրանք աշխատելու են անհատական։
«Եթե, օրինակ, գործարարն ունի տարեկան 250 000 դոլար շրջանառություն, բայց ունի հավակնություններ և ակտիվ է, ցանկանում է զարգանալ ու ընդլայնվել, ապա մենք նրան կընդունենք, և նրա շրջանառությունը շուտով կաճի մինչև 300 000 դոլար կամ ավելի»,- ասում է նա։
«Մանթաշյանց» ակումբն ունի իր մասնաճյուղերը տարբեր երկրներում։ Վերջերս ակումբի մասնաճյուղ է բացվել Վրաստանում՝ Թբիլիսիում, իսկ այսօր արդեն՝ Ջավախքում։
Ակումբի հիմնական նպատակն է, որպեսզի տարբեր երկրներից ժամանած հայ ձեռներեցները ճանաչեն միմյանց, կապ հաստատեն և միասին աշխատեն զարգացնելու իրենց բիզնեսը։
«Օրինակ, որ Ջավախքի ձեռներեցն աշխատի Լոս Անջելեսից կամ Համբուրգից եկած գործարարի հետ՝ իր բիզնեսն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս մասնաճյուղի օգնությամբ տեղի գործարարները կկարողանան կապեր հաստատել այլ երկրների գործարարների հետ և արդեն կկարողանան միասին աշխատել, ներմուծել, արտահանել և այլն»,- ասում է «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը։
Ակումբի շրջանակներում գործարար անդամներին հնարավորություն է տրվում օնլայն և օֆլայն հանդիպումների միջոցով փորձի փոխանակում կատարել այլ գործարարների հետ։ Ակումբն ունի նաև կրթական և ժամանցային ձևաչափ։
Ակումբն ունի 430 անդամ ամբողջ աշխարհում: Ակումբում կարող են ընդգրկվել միջին և խոշոր գործարարներ, փոքր ձեռներեցներն ակումբի առաջնահերթություններում ընդգրկված չեն։ Այսպիսով, ակումբը բաղկացած է գործարարներից, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 400 000 ԱՄՆ դոլարից մինչև 1.000.000 ԱՄՆ դոլար։ Ռուսաստանում, Ամերիկայում և այլ խոշոր երկրներում ակումբային անդամակցության շեմը 1.000.000 ԱՄՆ դոլարի շրջանառությունն է, իսկ փոքր երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում՝ 400.000 ԱՄՆ դոլարը։ Ջավախքի համար նվազագույն արգելքն էլ ավելի է իջեցվել։
Ակումբը հիմնադրվել է Երևանում 2019 թվականին, երբ հիմնադիրները հասկացել են, որ միանալով և համագործակցելով՝ կարող են իրենց բիզնեսն ավելի արդյունավետ դարձնել։
Ակումբի ընդլայնումը Ջավախքի միջոցով ևս մեկ քայլ է դեպի ակումբի նպատակը՝ դառնալու ամենամեծ բիզնես ցանցը, որը հավակնություններ ունի ծածկելու բոլոր այն երկրներն ու քաղաքները, որտեղ կան հայկական համայնքներ:
«Մենք՝ որպես ձեռնարկատերեր, ցանկանում ենք անընդհատ զարգանալ և աշխատել ինքներս մեզ վրա, երբ հայտնվում ենք այնպիսի միջավայրում, որտեղ մեզ նման գործարարներ են, ովքեր նույնպես ցանկանում են զարգացնել և ընդլայնել իրենց բիզնեսը, դա մոտիվացնում է»,- ասում է Դավիթ Մկոյանը՝ ակումբի համահիմնադիր և Խորհրդի անդամ, «Էլիտ Գրուպ» ընկերության և «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի ներկայացուցիչը։