«Կտորմ Կարին»-ը Հասմիկ Սաղաթելյանի նախագիծն է, որը Awesome foundation javakhk-ի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել դեռ անցած տարվա վերջին: Նախագիծն իրականացվեց Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում՝ Ջիվանու տուն-թանգարանում: Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․
«Կտրոմ Կարին» նախագծի պետք է ազգային տարազներ կարվեին, ինչպես նաև Հասմիկը պետք ձեռք բերեր բարձր որակի լուսանկարչական ապարատ, որով Ջիվանու տուն թանգարանի հուշային հատվածներում կիրականացվեն լուսանկարահանումներ՝ ազգային տարազով:
Այսօր այս ամենն իրականություն է, հագուստները կարված են Կարնո տարազներին համապատասխան։
«Այս տարազների դերձակը ծնունդով Կարզախից Սուսաննա Կարապետյանն է, տարազները կարելի է ասել փոքրիկ պատառիկներ են Կարինից, Կարինի մշակույթից, որը պետք է պահպանենք քանի-որ այն մերն է, և եթե մենք մերը չպահպանենք, մեր փոխարեն ոչ ոք դա չի անի», – նշում է Հասմիկը:
Awesome foundation javakhk-ի, ինչպես նաև Ջահ-ի ներկայացուցիչները Ջիվանու տուն-թանգարանում մասնակցել են «Կտրոմ Կարինի» շնորհանդեսին եւ տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին:
«Հյուրերից շատերն առաջին անգամ էին թանգարանում, նրանք մանրամասն ծանոթացան իրականացված աշխատանքներին, տպավորությունները դրական էին, նրանք հեռացան մաղթելով ծրագրին հաջող ընթացք։ Ուրախ եմ, որ կարողացա նպաստել իմ համայնքում մեր մշակույթի պահպանմանը», – ասում է նախագծի հեղինակ Հասմիկ Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Հասմիկը 2016 թվականից աշխատում է Կարծախ գյուղում գտնվող Ջիվանու տուն-թանգարանում: Նա թանգարանի տնօրեն գիդ-համակարգողն է: Թանգարանի զարգացումը նրա համար միշտ էլ առաջնահերթություն է, և միշտ ուղիներ է փնտրում, որոնք կնպաստեն թանգարանի զարգացմանն ու հանրայնացմանը:
«Հագուստը թվով 6-ն են, նախատեսված կնոջ, տղամարդու եւ երեխաների համար, որոնք կարող են գեղեցիկ ընտանեկան և անհատական լուսանկարներ ստանալ։ Թանգարանի հուշային հատվածում կազմակերպել լուսանկարահանումնկր անել, հնարավոր է նաև վարձույթով տալ շորերը՝ ազգային որեւէ միջոցառման կամ հարսանիքների ժամանակ, տարազների դերձակը ծնունդով Կարզախից Սուսաննա Կարապետյանն է», – կիսվում է նա։
Հասմիկի խոսքով, սա կնպաստի նրան, որ թանգարանի այցելուների թիվն ավելանա։
«Այս քայլն ուներ մեկ նպատակ, նպաստել թանգարանի ճանաչելիությանը և այցելուների թվի ավելացմանը, դե իսկ ստացած շահույթից նախատեսնում ենք ավելացնել տարազների քանակը», – եզրափակում է Հասմիկ Սաղաթելյանը։