Մաքսային կանոնների խախտմամբ դեղամիջոցներ ամենից շատ Հայաստան ներմուծվել են Վրաստանից

Մաքսային կանոնների խախտմամբ դեղամիջոցներ ամենից շատ Հայաստան ներմուծվել են Վրաստանից

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետություն մաքսային կանոնների խախտմամբ դեղամիջոցներ ամենից շատ ներմուծվել են Վրաստանի Հանրապետությունից։ Մասնավորապես 2020թ․ բացահայտվել է Վրաստանի Հանրապետությունից մաքսային հսկողությունից թաքցնելով և ապրանքները չհայտարարագրելու եղանակով Հայաստան դեղամիջոցներ ներմուծելու 8, 2021թ․՝ 4, 2022թ․՝ 8, իսկ 2023թ․ առաջին չորս ամիսներին՝ 4 դեպք։

Վերջին երեքուկես տարում մաքսային կանոնների խախտմամբ դեղամիջոցներ են ներմուծվել Հայաստան նաև Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Բուլղարիայից և Թուրքիայից։ Հիշյալ բոլոր դեպքերով մաքսային մարմինների կողմից հարուցվել են վարչական վարույթներ՝ մաքսային կանոնների խախտման հնարավոր հատկանիշներով։

Նշենք, որ «ՀՀ մաքսային օրենսգրքի» համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցնելով ապրանքների տեղափոխումն առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամի չափով: Նույն օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ առաջացնում է նախազգուշացում:

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝  Հայաստան ամենից շատ դեղեր են ներմուծվում Վրաստանից և Ռուսաստանից։ Բանն այն է, որ եվրոպական որոշ դեղարտադրողներ ունեն պահեստներ Վրաստանում, որտեղ արտահանում են իրենց գործարանների արտադրանքը: Այդտեղից էլ հայկական ընկերությունները ձեռք են բերում դեղորայք, իսկ որոշ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ Վրաստանից համեմատաբար էժան դեղամիջոցները Հայաստան են տեղափոխում՝ փորձելով շրջանցել մաքսային մարմիններին։

Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից ստացած տվյալները։