Ամենաքիչ տեսատուգանք գրանցվել է Նինոծմինդայում

Ամենաքիչ տեսատուգանք գրանցվել է Նինոծմինդայում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է երկրորդ կիսամյակում խելացի տեսախցիկների արձանագրած տուգանքների տվյալները, ըստ որի Սամցխե-Ջավախեթիում ամենաշատ տուգանքներ գրանցվել են Բորժոմիում, իսկ ամենաքիչը՝ Նինոծմինդայում։

Տեսատուգանքների ընդհանուր քանակը տարածաշրջանում կազմել է 7383, ըստ որի՝ վճարված գումարը կազմել է 381 800 լարի, որտեղից էլ 20% զեղջով են օգտվել 2664 վարորդ։

Ստորեւ ներկայացնում ենք տեսատուգանքների քանակն ըստ մունիցիպալիտետների՝

Ախալքալաքում գրանցվել է 970 տեսատուգանք, ընդհանւոր գումարը կազմել է 50 600 լարի, 207 վարորդ օգտվել է 20% զեղջով։ Ախալքալաքում տուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածով, ինչը նշանակում է սահմանված կարգով պարբերաբար տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցի վարում։ Տուգանվածներից 14-ն իրավաբանական անձիք են, իսկ 956-ը՝ ֆիզիկական։

Նինոծմինդայում նույնպես տեսատուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ հոդվածով։ Տեսատուգանքների ընդհանուր քանակը կազմում է 559, իսկ ընդհանուր գումարը՝ 30 650 լարի, 127 վարորդ օգտվել է 20% զեղջով։

Ասպինձայում իրավիճակն այլ է։ Տեսատուգանքները գրանցվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 118-րդ և 125-րդ հոդվածների համաձայն։ Տեսատուգանքների ընդհանուր գումարը կազմել է 1072, որից 459-ը՝ 118-րդ, իսկ 613-ը՝ 125-րդ հոդվածով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի սահմանված արագության գերազանցում։

Ախալցիխեում նույնպես տեսատուգանքները գրանցվել են երկու հոդվածով։ Տեսատուգանքների ընդհանուր թիվը կազմել է 1376, որից 363-ը՝ 118-րդ, իսկ 1013-ը՝ 125-րդ հոդվածով։

Տարածաշրջանում ամենաշատ տեսատուգանք գրանցվել է Բորժոմիում՝ 3406, որից 888-ը՝ 118-րդ, իսկ 2518-ը՝ 125-րդ հոդվածով։ Բորժոմիում տեսատուգանքները հիմանակում սահմանվել են արագությունը գերազանցելու համար։ jnews.ge