«Ամուսնություն 13 տարեկանում»․ վավերագրական ֆիլմ՝ վաղաժամ ամուսնության մասին

«Ամուսնություն 13 տարեկանում»․ վավերագրական ֆիլմ՝ վաղաժամ ամուսնության մասին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից 24-ամյա Լիլիթ Կարապետյանի նախագիծը՝ «Ամուսնություն 13 տարեկանում» Gipa Media Lab-ի երկու փառատոնների հաղթող է ճանաչվել։ Լիլիթ Կարապետյանը պատմում է իր մայրիկի պատմությունը, ով ամուսնացել է դեռահաս տարիքում։ Ֆիլմում ներկայացնում է վաղաժամ ամուսնության դառը հետքերը։

Լավագույն վիդեոպատմություն փառատոնում երկրորդ, իսկ սոցիալական մեդիայի փառատոնում երրորդ հորիզոնականը գրաված նախագիծը վավերագրական ֆիլմ է։

Նկարահանումների ընթացքի մասին Կարապետյանը պատմում է․

«Երբեք չենք մտածել նախապես, թե ինչ ենք խոսելու, ուղղակի դնում էի տեսախցիկը և հետո խոսքի բռնվում մայրիկիս հետ, զրուցում էինք, ահա և իմ ֆիլմի հիմքը։ Չնայած դրա պատճառով մոնտաժի ժամանակ խնդիրներ եմ ունեցել, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է եղել ընթացքը»։

Կարծում էր, որ իր ֆիլմը հորիզոնականներից մեկում տեղ կգտնի, ոչ թե նրա համար, որ դա էր սկզբունքայինն  իր համար, այլ, որ այն իր մայրիկի պատմությունն է․

«Իմ մոտիվացիան մարդկանց այս պատմությունը ներկայացնելն էր, ցույց տալը թե ինչքան ուժեղ կին է մայրս, քանի որ ամուսնացել է շատ փոքր տարիքում, հիմա է փորձում ստեղծել կարիերա, իր ընտանիքի և իհարկե նաև իմ աջակցությամբ։ Սակայն մեկ այլ տեսանկյունից եթե նայենք, ապա ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ վատ հետևանքներ է ունենում վաղաժամ ամուսնությունը, առողջական և այլն»։

Նախագծի հեղինակը ներկայացնում է ֆիլմի սյուժեն, որն իր մայրիկի պատմությունն է․

«Մորս ամուսնացրել է տատս, այն ժամանակ երբ հարցրեցի տատիկիս, թե ի՞նչն է եղել դրդապատճառը, որ 13 տարեկան երեխուն ամուսնացրել են, տատիկս պատասխանեց, որ այն ժամանակ՝ 1993 թվականին, աղջիկների առևանգման դեպքերը տարածված էին․․․

Տատս ունեցել է վախեր, որ մորս կարող է օտար մեկը առևանգել, այդ պատճառով որոշել է ամուսնացնել այն մարդու հետ, ում ընտանիքին ու իրեն անձամբ ճանաչել են», — պատմում է հեղինակը։

Լիլիթ Կարապետյանը նշում է, որ այս պատմությունն իր նախագծի թեմա է ընտրել՝ ելնելով հետաքրքրության շրջանակից։ Նա անցած տարի ավարտել է ԹՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը, համագործակցում է «Սաֆարի» հասարակական կազմակերպության հետ, դրան զուգահեռ նաև դասընթացավար է, մասնագիտությամբ իրավաբանը հետաքրքրված է հատկապես կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ։

«Փորձում եմ ամեն բնագավառում յուրաքանչյուր աշխատանք կապել մասնագիտությանս հետ։ Սակայն ոչ մի աշխատանք առանց մոտիվացիայի չեմ արել, մինչ այս աշխատել եմ մանկապարտեզում, որպես երկլեզվի ուսուցիչ, ինձ հետաքրքիր էր երեխաների հոգեվիճակը, նրանց խնդիրները»։

Gipa Media Lab ծրագրի շրջանակներում ունեցած իր հաջողությունների մասին խոսելով՝ նշում է․

«Չէի սպասում, որ այսքան հաջողություններ կունենամ այս նախագծում, և ընդհանրապես, որ ինձ մոտ սեր կառաջանա դեպի լուսանկարչություն և կինոնկարչություն։ Երբ նույնիսկ տիկտոկյան վիդեոներ կամ ինստագրամյան րիլսեր չեմ պատրաստել և միանգամից սկսեցի զբաղվել լուսանկարներով, ֆիլմ նկարելով։ Ինչ վերաբերում է հույզերիս, ապա շատ լարված էի վիդեո պատմության դասընթացների ընթացքում», — պատմում է Լիլիթը։

Aliq.ge