Երբ պետք է ռուբլին փոխանակել լարիով․ Ախալքալաքում գլխավոր հարց

Երբ պետք է ռուբլին փոխանակել լարիով․ Ախալքալաքում գլխավոր հարց

Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակչության մեծամասնությունը ապրում է արտասահմանում վաստակած գումարով, հիմնականում Ռուսաստանում, և եկամուտը ստանում է ռուբլով։ Ռուբլու արժեզրկումը դարձել է հիմնական խնդիր այն ընտանիքների համար, ովքեր առօրյա ծախսերի համար գումարը ռուբլիով են ստանում։ Թե ինչպիսին է այսօր ռուբլու արժեքը, դա առաջին բանն է, որ ամեն առավոտ հետաքրքրում է շատերին, ինչպես նաև նրանք չեն կարողանում կողմնորոշվել՝ պահել ռուբլին, թե արդեն փոխանակել լարիի։

Անցյալ դարից ի վեր Ախալքալաքում ստացվել է այնպես, որ ամեն գարուն բնակչության (ընտանիքների ավելի քան 63%-ը) արական մասը մեկնում է արտագնա աշխատանքների, քանի որ դեռ չեն գտել իրենց ընտանիքը պահելու այլ եկամտի աղբյուր։

Իսկ ընտանիքները, որոնք մնում են այստեղ, սպասում են փողի, որպեսզի ծախսեն իրենց ամենօրյա կարիքների համար: Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումից հետո, 2022 թվականի սկզբին, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկսվելուց հետո, նախորդ տարվա ամռանն, այն մի փոքր բարձրացավ և տատանվում էր 1000 ռուբլին 30 լարի ցուցանիշի սահմաններում։ Սակայն վերջին շրջանում փոխարժեքը շարունակում է նվազել, և այժմ 1000 ռուբլու դիմաց տալիս են 26 լարի։

Մաջադիա գյուղի բնակչուհին, ով խնդրեց իր անունը չհրապարակել, որպեսզի իր ընտանիքի տղամարդիկ կարդալուց հետո չբարկանան իր վրա, ասում է, որ դեռ ռուբլին չի փոխանակում, բայց չգիտի, թե որքան կարող է դիմանալ այսպես: Ռուսաստանում աշխատում են նրա որդիները։

«Մի անգամ ուղարկել են, էժան գնով ենք փոխանակել, ես ասացի, որ էլ չուղարկեն, տեսնենք: Իսկ մենք մարդկանցից պարտք ենք վերցնում ու ապրում ենք: Երբ նրանք գնացին, փոխարժեքն այդքան ցածր չէր, թե չէ չէին գնա: Մեր գյուղում այս տարի շատերը չգնացին, տեսնելով, որ իրենց աշխատանքն արժեզրկվում է: Ամբողջ ամսվա աշխատավարձով ընդհանրապես ոչինչ չես կարող գնել, իսկ այնտեղ նրանց գործը շատ դժվար է, նրանք աշխատում են առավոտից երեկո: Բայց մյուս կողմից էլ էստեղ ինչ անեն, թող չլինի 1000 լարի, թող լինի 500 լարի, նրանք ընտանիքներ ունեն, ոնց են պահելու: Գյուղատնտեսությամբ ընտանիք պահել հնարավոր չէ»,- ասաց Մաջադիա գյուղի բնակիչը։

Մեր տեղեկություններով, Ռուսաստանում խոպանչին միջինը ստանում է 100 հազար ռուբլի, որով ապրում է այնտեղ, ինչպես նաև այդ գումարից ուղարկում է ընտանիքին։

Անահիտ Ափոզյանը կարծում է, որ ամուսնուց ստացած գումարը թեև շատ չէ, բայց փրկություն է իրենց ընտանիքի համար.

«Երեք ամիս ռուբլին փոխանակել ենք, վերջին մեկ ամսում դեռ չենք փոխանակել: Նա գնացել է, որ մենք մեր վարկը փակենք, իսկ այստեղ վաստակածով ապրում ենք: Միանշանակ, սա ավելի լավ է, քան մնար առանց աշխատանքի: Այստեղ ընդհանրապես աշխատանք չկա: Նրա աշխատանքն այնտեղ այնքան էլ ծանր չէ»,- ասում է Անահիտ Ափոզյանը։

Նշենք, որ փաստ չէ, որ այս տարի բոլոր Ռուսաստան մեկնողները, լավ վարձատրվող աշխատանք են գտնում կամ, առհասարակ, գտնում են աշխատանք։

Փետրվարին Ռուսաստան մեկնած Ախալքալաքի բնակիչը դեռ աշխատանք չի գտել, բայց չի էլ շտապում վերադառնալ։

«Նա ծախսում է անցած տարի վաստակածը: Այս տարի աշխատանք չկա, առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ծանր աշխատանք կատարել, բայց դեռ չի պատրաստվում գալ, փնտրտուքների մեջ է: Գա ինչ անի այստեղ, ոչ գյուղատնտեսական հող ունենք, ոչ էլ բիզնես։ Հարկավոր է կերակրել երեք երեխայի»,- ասում է այդ տղամարդու մայրը։

Չնայած այն հանգամանքին, որ ռուբլու փոխարժեքը նվազում է, Ջավախքի շատ տղամարդկանց համար Ռուսաստանը դեռևս մնում է, իրենց ընտանիքները պահելու, այլընտրանք չունեցող եկամտի աղբյուր:jnews.ge