Ախալքալաքում ընդունված է, որ արտագնա աշխատանքը, իսկ ավելի կոնկրետ խոպանը (այսպես են անվանում արտագնա աշխատանքը Ռուսաստանում) զուտ տղամարդկային գործ է, խոպանը կանանց տեղը չէ։ Բայց վերջին տարիներին տղամարդկանց հետ մեկտեղ կանայք նույնպես սկսել են մեկնել այլ երկրներ աշխատելու։ Ինչու է խոպանը «տղամարդու գործ» և ինչպես է դա փոխվում: Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․
Ջավախքում խոպան ասելիս նկատի ունեն տղամարդկանց սեզոնային աշխատանքն արտասահմանում, հիմնականում՝ Ռուսաստանում։ Չգրված օրենքը վկայում է, որ տղամարդիկ պետք է գնան աշխատանքի, իսկ կանայք մնան տանը ու զբաղվեն իրենց երեխաների դաստիարակությամբ և տնային գործերով։ Գավառական բարքերը վկայում էին, որ կանանց չի թույլատրվում աշխատել այլ տղամարդկանց հետ: Իսկ խոպան գնալը համարվում էր «բարոյական կանանց համար ոչ հարիր»։
Բայց, չնայած ամեն ինչին, հասարակությունը զարգանում և փոխվում է, ու Ախալքալաքը բացառություն չէ։ Փոխվում են նաև իրենք՝ կանայք, ովքեր հանուն իրենց ընտանիքի և երեխաների բարեկեցության, պատրաստ են դեմ գնալ հասարակական կարծիքին։
Ախալքալաքից 23-ամյա միայնակ մայրն արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան դեռ 8-9 տարի առաջ։ Նա ուներ փոքրիկ երեխա և տարեց մայր։ Աշխատանք չկար, բնակարան չուներ, վարձով էին ապրում։ Նրա խոսքով, իր համար դժվար է եղել թողնել փոքր երեխային, սակայն ինքը որոշել է գնալ այդ քայլին, ու այժմ չի փոշմանում դրա համար։
Անին (սա նրա իրական անունը չէ) Ռուսաստանում խոհարար է աշխատել շինարարական բազաներից մեկում։
«Աշխատանքը դժվար էր, արթնանում էինք առավոտյան ժամը 5- 6-ին: Իհարկե, 30-40 տղամարդու համար ճաշ պատրաստելը դժվար էր, բայց իմ համար հոգեպես ավելի դժվար էր, քան ֆիզիկապես: Ես օգնող չունեի, և ես ստիպված, թողնելով երեխայիս, աշխատանքի գնացի: Ես հանգիստ իմ համար աշխատում էի: Գումարը հավաքեցի և տուն գնեցի: Բազայում ինձ հետ մի 60-ամյա կին կար Հայաստանից: Ես վատ վերաբերմունք չեմ տեսել տղամարդկանց կողմից։ Հարևան բազաներում ևս կանայք էին աշխատում»,- պատմում է նա։
Անին ամսական ստանում էր 30 000 ռուբլի, այդ ժամանակ դա կազմում էր մոտ 1000 դոլար և համարվում էր բավականին զգալի գումար։
Բազան, որտեղ աշխատում էր Անին, պատկանում էր նրա բարեկամին:
«Ախալքալաքում ոչինչ չի ընդունվում, բայց միաժամանակ ով ինչ ուզում է ընդունում և անում է: Ես գնացել եմ աշխատելու, ոչ թե գողությամբ կամ մարմնավաճառությամբ զբաղվելու: Ինչպես կարող էի երեխա մեծացնել և տուն գնել Ախալքալաքում ստացած իմ 300 լարիով։ Եթե մարդ մտքին դնի զբաղվել մարմնավաճառությամբ, դա կանի նաև Ախալքալաքում»,- ասում է նա։
Սյուզի Սերոբյանն անցյալ տարի նույնպես խոհարար է աշխատել Սոչիի հյուրանոցներից մեկում։
«Ես 5 ամիս աշխատեցի, գործը դժվար էր, բայց ես գոհ եմ, ինձ վարձատրեցին ավելի շատ, քան խոստացել էին աշխատանքի ընդունելիս: Ամուսինս դրան նորմալ է վերաբերվում: Ես չգիտեմ ինչու մեր հասարակության մեջ սա չի ընդունվում որպես սովորական երևույթ: Ես դրանում վատ բան չեմ տեսնում»,- ասում է Սյուզի Սերոբյանը։
Ախալքալաքից Ռուսաստան աշխատանքի են գնում նաև կին վարսահարդարներն ու մատնահարդարները, բայց դա հասարակության կողմից նորմալ է ընդունվում և խոպան չի կոչվում։
Ախալքալաքից վարսավիր մի կին երեք ամսով մեկնել էր Ռուսաստան՝ աշխատելու։ Նա երեք ամսում ավելի շատ գումար է վաստակել, քան այստեղ մի քանի տարվա ընթացքում:
«Իմ խնդիրն այն էր, որ ես ընդունվեցի աշխատանքի որպես ունիվերսալ վարսավիր: Դե իսկ ունիվերսալ խնամքը ներառում է ոչ միայն մազերի հարդարումը, այլ նաև խնամքը: Ես համարձակություն ունեցա ասելու դա: Հետո իմ ընտանիքը չցանկացավ, որ ես աշխատեմ նաև որպես տղամարդկանց վարսահարդար: Ադմինիստրատորին ասել էի, որ ինձ մոտ չգրանցեն տղամարդկանց, բայց դա աշխատանք է»,- ասում է վարսավիրը։
Նա ստիպված եղավ վերադառնալ, չդիմացավ։
«Մենք ցանկանում էինք տեղափոխվել մեծ քաղաք, ես դրա համար գնացի դրան և գումար էի ուզում վաստակել: Հետո ես կարոտել էի ընտանիքիս», – ասում է վարսավիրը:
Թե ինչպես են վերաբերվում արտագնա աշխատանքների մեկնող կանանց Խոպան գնացող տղամարդիկ, սա բարդ հարց է։ Ընդհանուր հարցին շատերը պատասխանում են, որ նորմալ են վերաբերվում դրան, բայց եթե հարցը վերաձեւակերպվի այն ուղղությամբ, թե ինչպես կարձագանքեն, եթե նրանց կանայք, ընտանիքի անդամները մեկնեն արտագնա աշխատանքի, ապա արդեն սկսում են կարծրատիպային մտածողություն ցուցաբերել. «Իսկ ինչ կասեն ուրիշները»:
Երկար տարիների փորձ ունեցող խոպանչի Ժիրայրն աշխատում է Ռուսաստանի շինարարական բազաներից մեկում, որտեղ նրանց մոտ խոհարար է աշխատում հայաստանցի մի տարեց կին։
«Մեզ մոտ մի կին է աշխատում, ասում է, որ Հայաստանից է, նաև ասում է, որ թողել է ամուսնուն ու երեխաներին ու եկել է աշխատանքի: Մենք խղճում ենք նրան, կարծում ենք, որ միթե այնտեղ աշխատանք չէր կարող գտնել, որ ստիպված չլիներ գալ այստեղ աշխատելու: Մենք լավ ենք վերաբերվում նրան»,- ասում է Ժիրայրը։
Երիտասարդ սերունդը ողբերգական չի մոտենում այս և նմանատիպ հարցերին, և հասարակական կարծիքն այնքան էլ չի անհանգստացնում, անում է այն, ինչ ճիշտ է համարում։
Լյուսի Ունանյանը 2021 թվականին գնացել էր Լեհաստան աշխատելու և աշխարհ տեսնելու:
«Փաթեթավորող եմ աշխատել լոգիստիկ ընկերությունում: Ընտանիքս դեմ չէր իմ ճամփորդությանը: Ես ծանոթներ ունեի, նախապես պայմանավորվել էի: Եթե կինն ընտանիք ունի, իհարկե, պետք է ամուսնուն ֆինանսապես աջակցի: Ընդհանրապես, ես ոչ մի աշխատանք անընդունելի չեմ համարում»,- ասում է Լյուսի Ունանյանը։
Տարիների ընթացքում, Ախալքալաքում, փոխվում է կնոջ դերը հասարակության մեջ, տարիների ընթացքում ձևավորված որոշ կարծրատիպեր նույնպես փոխվում և քանդվում են։ Հիմնականում կարծրատիպերի դեմ պայքարի գործընթացը հասարակության համար դժվար է ու ցավոտ, բայց առանց դրանց հասարակության համար շատ ավելի հեշտ է։