Եվրամիությունը Ուկրաինային աջակցության երկարաժամկետ ծրագիր է պատրաստում, որի ծավալը կկազմի ավելի քան 50 միլիարդ եվրո։
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով մասնակցել է «Ղրիմի պլատֆորմի» երրորդ գագաթնաժողովին։
«Ռուսաստանի կոշտ մարտավարությունն ու հարձակումը ուկրաինական նավահանգիստների վրա ուղղված են աշխարհում սովի տարածմանը։ Ուստի մենք ողջունում ենք հացահատիկի արտահանման նոր ուղիներ գտնելու Ուկրաինայի փորձը, մասնավորապես՝ Թուրքիայի ներգրավմամբ։ ԵՄ-ն աջակցում է նոր շուկաներ մուտք գործելու ջանքերին։ Մենք գիտակցում ենք, որ սա պայքար է հանուն ձեր ապագայի, ձեր երազանքի իրականացման համար»,- ասել է Շառլ Միշելը։
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ով խոստացել է 7 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային և մասնակցել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը։ 1tv.ge