Տուգանքի ենթակա, բայց չտուգանվող «Ջավախավտոգզա» -ն

Տուգանքի ենթակա, բայց չտուգանվող «Ջավախավտոգզա» -ն

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ էր անցկացրել Գանձայի եւ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար:

Նշված 931 200 լարիից 927 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:

Հեշտիայի գյուղամիջյան՝ 602 մ երկարությամբ ճանապարհի համար հատկացված է 484 100 լարի: Գանձայի գյուղամիջյան՝ 235 մետր երկարությամբ ճանապարհի համար նախատեսված է 237 200 լարի, իսկ մյուս 414մ երկարությամբ ճանապարհահատվածի համար 209 900 լարի:

Նշենք, որ Գանձայում հարթեցման եւ խճապատման աշխատանքները մեկնարկել էին հունիսի 15 -ից, իսկ Հեշտիայում դրանից երկու օր առաջ: Դրանք ավարտելուց հետո աշխատանքները դադարեցվել են մինչեւ օրս:

Գանձայի բնակիչներից մեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Բնակիչները թերահավատությամբ են մոտենում ասֆալտապատման հարցին: Իրականացրել են միայն հողային աշխատանքները եւ մոտ 2-3 ամիս է ոչ մեկը չկա եւ ոչ մի աշխատանք չի տարվել: Մի քանի մետր ճանապարհ են ասֆալտապատելու, այն էլ երբ կլինի ոչ ոք չի կարող ասել, անունը կա բայց գործը չկա»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Տուգանքի ենթակա, բայց չտուգանվող «Ջավախավտոգզա» -ն

Ասֆալտապատման աշխատանքների պայմանագիրը կնքվել է մայիսի 31 -ին եւ ըստ պայմանագրի ընկերությունը ուներ 10 շաբաթ աշխատանքները ավարտին հասցնելու համար եւ դրանց իրականացման վերջնաժամկետը օգոստոսի 9 -ն էր: Սակայն ընկերությունը օգոստոսի 11 -ին դիմել է Նինոծմինդայի քաղաքապետարան վերոնշյալ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների ժամկետի երկարացման համար: Ընկերությունը չի տուգանվել, փոխարենը պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 30 -ը: Պետք է նշել, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների գերակշռող մասը հիմնականում իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը:

Պայմանագրի փոփոխության փաստաթուղթը ստորեւ՝

Документ об изменении контракта by Radio NOR on Scribd

NOR ռադիոկայանը ասֆալտապատման հարցի շուրջ զրուցեց նաեւ Գանձայի եւ Հեշտիայի գյուղական համայնքների ներկայացուցիչներ՝ Հրահատ Սիրականյանի եւ Եգոր Քոթոյանի հետ: Ովքեր նշեցին, որ իրենց ունեցած տեղեկության համաձայն մոտ օրերս ընկերությունը կշարունակի գյուղերում ասֆալտապատման եւ վերանորոգման աշխատանքները:

Այն հարցին, թե երբ վերջապես կասֆալտապատվի Հեշտիայի եւ Գանձայի գյուղամիջյան ճանապարհները, «Ջավախավտոգզա» ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեն պատասխանեց.

«Այս պահի դրությամբ Սպասովկա գյուղում աշխատանքները ավարտին են մոտենում, որից հետո աշխատակիցների խումբը կտեղափոխվի տվյալ գյուղեր: Նախնական աշխատանքները ավարտելուց հետո բոլոր ճանապարհները միասին կասֆալտապատվեն: Ժամկետի մասին տեղեկություն չունեմ, բայց աշխատանքները ժամանակին կհասցնենք ավարտել»:

Իսկ թե կավարտվի մինչեւ սեպտեմբերի 30 -ը ասֆալտապատման աշխատանքները, NOR ռադիոկայանը կլինի հետեւողական:

Թեմատիկ՝