Փետրվարի 2-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կողմ քվեարկվեց Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը:
2017թ. մարտ-ապրիլ ամիսներին Վրաստանի քաղաքացիները կարող են մտնել Շենգենյան գոտու տարածք: Բացի Մերձբալթյան երկրներից Վրաստանը նախկին խորհրդային երկրներից երկրորդն է Մոլդովայից հետո, որ նման կարգավիճակ է ստանում: Վիզայի ռեժիմի չեղարկումը նշանակում է, որ կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել Շենգենյան գոտու 22 երկիր՝ առանց վիզայի այցելելու հնարավորությունից՝ և այս պետություններում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում գտնվել առավելագույնը 90 օր:
Ի՞նչ կտա ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմը Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին, այս առիթով հարցում անցկացրինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների շրջանում: Հարցվածների մի մասը դրական է վերաբերում առանց վիզայի ռեժիմին և նշում, որ այն կխթանի Վրաստանի զարգացմանը, իսկ մյուս մասը կարծում է, որ առանց վիզայի ռեժիմը ոչ մի դրական տեղաշարժ չի խոստանում Նինոծմինդայի բնակիչների համար, քանի որ այնքան շատ պահանջներ են ներկայացվում, որոնք նրանց գրպանի համար չեն:
Մեր հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բնակիչները ցանկանում են առանց վիզայի ռեժիմի հաստատում Ռուսաստանի հետ, որը նրանց կարծիքով ավելի արդյունավետ կլինի, քանի որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության հիմնական մասը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան: