Խցանման խնդիրը և անտանելի հոտն արդեն երկար ժամանակ անհանգստացնում է Նինոծմինդա քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչներին։
Խնդրի լուսաբանման համար Ռադիո ՆՈՐ-ի ստուդիա է դիմել Իսահակյանա փողոցի բնակիչ Արտակ Թանգամյանը։ Նրա խոսքերով, կոյուղագծի խցանումը հանգեցրել է բակերի հեղեղմանը և տհաճ հոտի տարածմանը։
«Փողոցում անտանելի գարշահոտ է, իսկ կոյուղաջրերը թափվում են այգիներ ու ամբողջ փողոցով հոսում ջրահեռացման խողովակով։ Այս վիճակն արդեն չորս ամսից ավելի է։ Երկու անգամ եկան մաքրեցն, սակայն իրավիճակը կրկնվում է: Դա պայմանավորված է նրանով, որ հորերը գտնվում են միմյանցից հեռու և հին կոյուղագծի խողովակի մոտ մեկ մետր հեռավորության վրա՝ դեռ Խորհրդային Միության ժամանակներից։
Պարզելու համար, թե ինչպես պետք է լուծվի այս խնդիրը, դիմեցինք «Վրաստանի միացյալ ջրամատակարարման» Նինոծմինդայի դեպարտամենտի ղեկավար Արկադի Կվատաշիձեին, ով նշեց, որ այսօր թիմերն աշխատում են Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման գծի վերանորոգման ուղղությամբ Դավիթ Շինարարի փողոցում։ Շաբաթվա վերջին կշտկվի նաեւ Իսահակյան փողոցի ջրագծի խզումը։ Կոյուղին մի քանի անգամ մաքրել են, բայց դեռ խցանվում է։ Հնարավոր է, որ խողովակի որոշ հատված փոխվի խնդիրը շտկելու համար: Քաղաքում խողովակների խցանման ամենատարածված պատճառը հենց բնակիչների անուշադրությունն է, ովքեր համակարգ են նետում այն, ինչ չպետք է լցվի:
Արկադի Կվատաշիձեն նաեւ հավելել է, որ 2024 թվականին լայնածավալ ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կփոխվի ջրամատակարարման համակարգը եւ կտեղադրվեն հաշվիչներ, ինչպես նաեւ կվերանորոգվեն կոյուղագծերը։