Սեպտեմբերի 15-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում կսկսվի նոր ուսումնական տարին։ Այս տարի, այսօրվա տվյալներով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում գրանցված է 324 առաջին դասարանցի։
Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում հաշվառված է 32 աշակերտ, թիվ 2-ում՝ 32, թիվ 3-ում՝ 10, թիվ 4-ում՝ 3։
Սպասովկա գյուղի թիվ 2 դպրոցը և Վլադիմիրովկա գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանցիներ չունեն։
«Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, որի շրջանակներում համակարգիչներ են բաժանվում բոլոր առաջին դասարանցիներին, սկսվել է 2011թ. Իսկ այս տարի 324 առաջին դասարանցիներ կստանան նոր դյուրակիր համակարգիչներ։ Հենց այդքան երեխա է գրանցվել Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալների բազայում Նինոծմինդայից։ Դասղեկների համար տրամադրվում են նաև տետրեր։
Հավելենք նաև, որ Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ փոփոխվել է Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքը, ըստ որի մինչև նոյեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաները կարող են 2023-2024 ուստարում ընդունվել առաջին դասարան։
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա օրացույցն արդեն մշակվել է կրթության նախարարության կողմից։
Ուսումնական տարվա առաջին կիսամյակը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին և կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ից և կտևեն մինչև հունվարի 14-ը։
Երկրորդ կիսամյակը կմեկնարկի հունվարի 15-ին և կտևի մինչև հունիսի 15-ը, բացառությամբ 1-ին և 12-րդ դասարանների:
Գարնանային արձակուրդը կտևի 1 շաբաթ՝ մարտի 8-ից մինչև մարտի 14-ը, Զատկի տոներին երեխաները նույնպես 4 օր ազատ կլինեն։