ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում էթնիկ զտման իր արշավի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին, որի ժամանակ Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը։
«Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն այս խոսքերին պետք է հետևեն իմաստալից գործողություններ, հատկապես այն պարագայում, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ», – գրել է Փալոնը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում։
Կոնգրեսականը շեշտել է խաղաղության հաստատման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։
«Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները և Արցախում էթնիկ զտման նրա միտումնավոր արշավը պետք է հետևանքներ ունենան», – գրել է նա՝ հավելելով, որ Կովկասում խաղաղություն չի հաստատվի, եթե «Ալիևը պատասխանատվության չենթարկվի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»։