Նինոծմինդայի մունիցիպալիտետում գազարի բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի սկզբին և ձգվում է մինչեւ հոկտեմբերի կեսերը։ Ի տարբերություն կարտոֆիլի, գազարն ամբողջությամբ աճեցվում ու մշակվում է ձեռքով և շատ ավելի մեծ աշխատանք է պահանջում:
Ըստ գյուղացիների՝ այս տարի բերքատվությունն ավելի լավ է, սակայն անորակ է։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղից Կարապետ պապը (72 տարեկան) եւ Սիրանուշ տատը (70 տարեկան) արդեն 40 տարուց ավել է զբաղվում են գազարի մշակմամբ:
«Գյուղացու համար շատ դժվար է այս պայմաններում աշխատելը, տանջանքը շատ է բայց եկամուտը քիչ: Գազարը վաճառում ենք տեղում, անցորդները ովքեր անցնում են ճանապարհով գազարը գնում են, ուրիշ հնարավորություն չունենք բերքը ավելի լավ իրացնելու համար: Գազարը արժե 60-80 թեթրի իսկ մնացած միրգ-բանջարեղենը օրինակ՝ լոլիկը 2 լարի արժե, խաղողը 2,5 լարի, փոխանակման դեպքում 4 կգ գազարի դիմաց տալիս են 1կգ խաղող, որը նույնպես ձեռընտու չէ»։ – ասում է Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչ Կարապետ պապը։
Սիրանուշ տատը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Թոշակառու ենք բայց թոշակը բավարար չէ, դրա համար ստիպված քանդում ու վաճառում ենք, որպեսզի մնացած ծախսերն ու հոգսերը կարողանանք հոգալ: Ասեմ, որ գազարը մշակում ենք արդեն երկար տարիներ եւ միեւնույն ժամանակ այս ամենը անում ենք մեծ սիրով»:
Նշենք, որ գազարի մշակմամբ հիմնականում զբաղվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գոնդուրայի գյուղական համայնքի բնակիչները։
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝