Սեպտեմբերի 9-ին, Ախալքալաքում նշել են քաղաքի օրը։ Տոնակատարությունը համեստ էր Գուրիայի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի ողբերգության պատճառով։ Բոլոր համերգներն ու տոնական հրավառությունները չեղարկվել են։ Այս մասին գրում է Jnews լրատվականը։
Ախալքալաքը դարձավ 959 տարեկան։ Տոնը սկսվեց ժամը 12:00-ին խոհարարարության ցուցադրությամբ և հայկական ու վրացական խոհանոցի ուտեստների համտեսով։
Տոնի կապակցությամբ Ախալքալաք էր այցելել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքից և Նինոծմինդայից համամասնական պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, Սամցխե-Ջավախքի փոխնահանգապետը և այլ հյուրեր Ախալցիխեից, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից։
Գուրիայի շրջանում տեղի ունեցած ողբերգության պատճառով տոնը նշվեց համեստ, առանց երաժշտական համարների։
Քաղաքապետարանի այգում սեղաններ էին դրվել հայկական և վրացական խոհանոցի տարբեր ուտեստներով։
Բոլոր գյուղական տարածքային շրջանները իրենց բնորոշ ճաշատեսակներով սեղաններ էին գցել և հյուրասիրում էին հյուրերին և բոլոր ցանկացողներին։ Տեղում պատրաստվեց հայկական խորոված։
Կենտրոնական զբոսայգում և հարակից փողոցում տեղադրվել էին տարբեր խաղեր։
Ազգագրական թանգարանն իմ ցուցանմուշներով էր զարդարել Խաս Բախչա զբոսայգու մի փոքրիկ անկյունը։ Այգու ողջ տարածքում, տարբեր անկյուններում տեղի ունեցան «Զվարճալի մեկնարկներ» մարզական մրցումները, որտեղ իրենց հմտությունները ցուցադրեցին կարատեիստները, շախմատիստները, բռնցքամարտիկները և այլք։
Տեղի ունեցավ նաև օճառի պղպջակների շոու, տարբեր ձևերի կավե ֆիգուրների պատկերազարդում, որոնք հետո երեխաները վերցրնում էին իրենց:
Ինչպես նաև տեղի ունեցավ երիտասարդական կենտրոնի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք (տնօրեն՝ Շորենա Թեթվաձե), ցուցադրվեցին «Ապագայի տան», Հայ Երիտասարդական Կենտրոնի (պատասխանատու Կարինե Թադևոսյան), Ախալքալաքի նկարչական դպրոցի սաների աշխատանքները, տարբեր գրքեր ցուցադրեցին նաև Գրադարանային միավորումը և այլք:
Երեխաներին զվարճացնում էին թմբկահարների խումբը և մուլտհերոսները։
Ախալքալաքի բնակիչներին ու երեխաներին շատ էին դուր եկել շարժվող անիմատորները։ Մեծահասակներն ու երեխաները, անիմատորների հետ լուսանկարվելու համար, հերթ էին կանգնել։
Հյուրերը ՏԻՄ ղեկավարության գլխավորությամբ, մոտենում էին յուրաքանչյուր ցուցահանդեսային սեղանին, գնահատում այն ու գովեստի խոսքեր ասում։