Սեպտեմբերի 12-ին, առավոտից մունիցիպալիտետի տարբեր գյուղերից մեքենաներ են գալիս Ախալքալաք քաղաքի կենտրոն՝ մարդիկ պարկերով կարտոֆիլ են բերում՝ ուղարկելու Գուրիայում ջրհեղեղից տուժած ընտանիքներին։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․
Բեռը կտեղափոխի Ախալքալաքի ավտոկայանի վարորդ Գրիգորի Ծուրծումիան՝ Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Սողոմոն Ասլանյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ արդեն հավաքվել է մոտ 50 պարկ կարտոֆիլ, սպասվում է ևս 10-ը, ընդհանուր առմամբ նախատեսվում է հավաքել 3-3,5 տոննա կարտոֆիլ։ Արդեն կարտոֆիլ են բերվել Խավեթ, Բավրա, Խուլգումո, Արագվա, Կարտիկամ և բազում այլ գյուղերից։ Օգնություն են բերել նաև քաղաքի որոշ բնակիչներ, ֆերմերներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, մարդասիրական օգնություն ուղարկելու գաղափարը ծագել է շաբաթ օրը։ Այդ ժամանակ հենց Գուրիայում տեղի ունեցած բնական աղետի պատճառով չեղարկվել էր նաև Ախալքալաքի օրվա տոնակատարության երաժշտական ծրագիրը։
«Սա իմ և սակրեբուլոյի համատեղ նախաձեռնությունն էր՝ Նաիրի Իրիցյանի գլխավորությամբ: Միջոցառումից հետո՝ շաբաթ օրը, բոլորս միասին էինք, ոչ մեկից առանձնապես ոչինչ չխնդրեցինք, ուղղակի միտքը ծագեց, և բոլորը, ովքեր ներկա էին, լսեցին, ցանկացան ու մասնակցեցին՝ ով ինչպես կարողացավ»,- մեկնաբանեց Մակարյանը։