Սեպտեմբերի 15-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում կսկսվի նոր ուսումնական տարին։ Ըստ տվյալների՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում գրանցված է 324 առաջին դասարանցի։
Պարզելու համար, թե որքան արժե երեխային առաջին դասարանի պատրաստելը, մենք հարցում ենք անցկացրել ծնողների շրջանում։ Ծնողները նշել են, որ երեխային դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ է ձեռք բերել դպրոցական պարագաներ և հագուստ, որն արժե միջինը 500 լարի։
Յուրաքանչյուր դպրոց իրավունք ունի նաև աշխատակազմի որոշմամբ փոփոխություններ կատարել դպրոցի կանոնադրության մեջ: Այս տարի Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը որոշել է, որ առաջինից վեցերորդ դասարանների աշակերտները պետք է կրեն կապույտ և սպիտակ համազգեստ, իսկ յոթերորդից տասներկուերորդ դասարանները՝ սև ու սպիտակ։
Այն ծնողները, ովքեր նախապես չգիտեին այս մասին և արդեն հագուստ էին գնել, ստիպված էին նորից հագուստ գնել՝ դպրոցի պահանջներին համապատասխան: Այդ պատճառով նրանց մոտ 1000 լարի է կազմել երեխային առաջին դասարան պատրաստելու գործընթացը:
Առաջին դասարանի աշակերտ ունեցող ընտանիքների համար հավելյալ ծախս է հանդիսանում տոնակատարության արժեքը: Շատ ծնողներ կարծում են, որ պետք չէ մեծ գումար ծախսել տոնակատարությունների վրա, և նախընտրում են այդ գումարը ծախսել երեխայի համար օգտակար նվերների վրա։
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի որոշմամբ՝ 2023-2024 ուսումնական տարում առաջին դասարանցի կարող են դառնալ այն երեխաները, ովքեր մինչև նոյեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան։
Դպրոցները առաջին դասարանցիներին ապահովում են բոլոր անհրաժեշտ դասագրքերով, ինչպես նաև մի քանի տարի է, ինչ նրանց տրամադրում են դյուրակիր համակարգիչներ։
Առավել մանրամասն մեր աուդիո նյութում։