Ախալքալաքում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը. ինչպիսին է իրավիճակը

Ախալքալաքում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը. ինչպիսին է իրավիճակը

Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Հողագործները գոհ չեն բերքից: Կարտոֆիլ հավաքողները նույնպես գոհ չեն իրենց աշխատանքի դիմաց վճարումից։ Գնորդներ դեռևս չկան: Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը

Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ լայնածավալ, բայց կարտոֆիլի բերքահավաքը, այնուամենայնիվ, սկսվել է։ Բերքը հաջող չի եղել հատկապես այն վայրերում, որտեղ ցանքատարածությունները վնասվել են կարկտահարությունից։ Բացի այդ, այս տարի խոնավ հողի պատճառով կարտոֆիլի ցանքատարածությունները վարակվել էին ֆիտոֆտորայով։ Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել, դաշտերը դեղել են։ Ոմանց մոտ բուժումն արդյունավետ է եղել, ոմանց մոտ՝ ոչ: Կարտոֆիլի տերևներն ու ցողունները ժամանակից շուտ են չորացել, ուստի կարտոֆիլը չի հասցրել աճել։

Վաչիան գյուղից Մելսիդա Իգիթյանը գոհ չէ բերքից: Կարտոֆիլը հիվանդացել է ֆիտոֆտորայով, իրենք մի անգամ դեղ են ցողել, հետո կարկուտն է վնասել նրա կարտոֆիլի դաշտերը։ 30 հար հողատարածքից նա հույս ունի լավագույն դեպքում 2 տոննա կարտոֆիլ հավաքել: Մելսիդան տնկել է «Էստրելլա» սորտը:

«Երևի որպես կարտոֆիլի սերմացու թողնենք, մնացածն էլ որպես անասնակեր կօգտագործենք, մենք 4 կով ունենք: Այս տարի բերքը վատն է, ծախսերը չեն փակում: Արդեն երկու ամիս է, ինչ ցողունը չորացել է։ Ընդհանրապես, մեր նման հողագործներին, ովքեր սեփական տեխնիկա չունեն, կարտոֆիլ ցանելը ձեռնտու չէ, որովհետև մենք վճարում ենք բենզինի և աշխատուժի համար, իսկ նրանք (տեխնիկա ունեցող հողագործները) միայն բենզինի համար: Մունիցիպալիտետում, սակայն, մեր նմանները 60-70% են կազմում»,- ասում է Վաչիան գյուղի բնակիչ Մելսիդա Իգիթյանը։

Նրա խոսքով, հաշվարկել են, որ այս տարի 1 հեկտարից իրենց եկամուտը կազմում է ընդամենը 300 լարի։

Վաչիան գյուղից Աթոյան Սուրենը ցանել է 1 հա կարտոֆիլ, ծախսել, ըստ նրա, 5000 լարի, հավաքել 10 տոննա կարտոֆիլ։

«Այս տարի իմ կարտոֆիլը որակով է, վնասված չէ, բայց քիչ է: Անցյալ տարի 1 հեկտարից հավաքել էի 40 տոննա, իսկ այս տարի՝ 10 տոննա, գնորդներ էլ չկան»,- ասում է Աթոյան Սուրենը։

Չամդուրա գյուղից Ալբերտ Սերոբյանը իր բերքը հավաքելու համար մարդ է վարձել: Հավաքողներին վճարում է 60 լարի, բարձողներին՝ 70 լարի։ Նա 3 հա հողատարածքի վրա ցանել է «Առնովա» սորտը։

«Անցյալ տարվա համեմատ, այս տարի կարտոֆիլը քիչ է և խոշոր չէ»,- ասում է Ալբերտ Սերոբյանը։

Կարտոֆիլ հավաքողները նույնպես գոհ չեն գնից: Կին հավաքողներին վճարվում է 50 -60 լարի, իսկ պարկերը բարձողներին՝ 60 -70 լարի։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղից, ախալքալաքցի ֆերմերների համար, կարտոֆիլ հավաքող աշխատող Սիլվա Այվազյանն օրական 50 լարի է ստանում և գոհ չէ վարձատրումից։

«Աշխատում ենք 9-ից մինչև 6-ը, իհարկե քիչ է, նորմալ գինը 70 լարի է: Երբ եղանակը ցրտի, կարծում եմ՝ աշխատավարձը կավելացնեն»,- ասում է Սիլվա Այվազյանը։