Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, քննարկվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության արդյունքներն ու ապագայի նոր հեռանկարները։
Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը և Թուրքիան զգալի առաջընթաց են գրանցել համագործակցության ոլորտում, որն արտահայտվել է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարթություններում։
Նրա խոսքով, գոյություն ունեցող տարածաշրջանային նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության, կայուն զարգացման և վստահելի գործընկերության վառ օրինակ են, ինչը երկու երկրներին կբերի ավելի մեծ տնտեսական անկախություն, անվտանգություն և բարգավաճում:
Ինչպես նշվում է վարչապետի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության միջավայրը։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է խաղաղ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու կարևորությունը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրոպական և հյուսիսատլանտյան ինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար։ 1tv.ge