Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու քո շանսը. դիմի՛ր հենց հիմա
Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ հանդիսանում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության քաղաքացի, ապա կարող ես մինչեւ հոկտեմբերի 1-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։
Նոր ընդունելության մեկնարկը տրվել է «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Այն ուղղված է աշխույժ եւ եռանդուն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ԵՄ հարցերով եւ ԵՄ-ի հետ իրենց երկրի գործընկերությամբ: Դիմելու համար անհրաժեշտ է անգլերենի լավ իմացություն, սեփական համայնքի եւ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու ցանկություն եւ քաղաքացիական ակտիվ գործունեության մաս կազմելու համար բավարար ժամանակ հատկացնելու պատրաստակամություն։
Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Նրանք կփոխանակեն իրենց փորձը, կքննարկեն երիտասարդներին անմիջականորեն հուզող հարցեր, կկիսվեն լավագույն պրակտիկաներով եւ միասին կաշխատեն հանուն իրենց երկրների ավելի լավ ապագայի: Հայտերի ընդունման եւ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասին ավելին իմանալու համար այցելիր դիմումի ներկայացման հատուկ էջ:
Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար անհրաժեշտ է լրացնել այս դիմումի ձեւը։ Վերջնաժամկետը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի կեսգիշերն է (կենտրոնաեվրոպական ժամանակով)։ Դիմորդներին առաջարկվում է ներկայացնել իրենց մոտիվացիան եւ կատարել ստեղծագործական առաջադրանք՝ ի լրումն իրենց դիմումի։
Հայտերի ընդունման վերջնաժամկետի լրանալուց հետո ընտրված թեկնածուները նախ կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում նրանց հետ կտարվի հատուկ աշխատանք, որից հետո նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման վերջնաժամկետից մինչեւ վերջնական արդյունքների ամփոփումը ներառող գործընթացը տեւում է մոտ 8 շաբաթ:
Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով ուկրաինացի դիմորդները կարող են դիմել կամ Ուկրաինայից, կամ ԵՄ-ի ցանկացած կետից, որտեղ նրանք այժմ ապրում են։
Բելառուսը ներկայացնող դեսպաններն այլեւս ակտիվ գործունեությամբ չեն զբաղվում իրենց երկրի տարածքում, սակայն ԵՄ-ում ապրող երիտասարդ բելառուսցիները կարող են միանալ ցանցին՝ անկախ Եվրոպայում իրենց ներկայիս բնակության վայրից:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականին եւ մինչ օրս ունեցել է ավելի քան 1,700 երիտասարդ մասնակից շուրջ 30 երկրներից:
Սեպտեմբերի 8-ին Վրաստան կատարած այցի ընթացքում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) դիտորդների հետ՝ նշելու երկրում առաքելության ներկայության 15-ամյակը։
«Եվրամիության դիտորդական առաքելության 15-ամյա ներկայությունը վկայում է Վրաստանում եւ ավելի լայն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովմանն ուղղված ԵՄ երկարաժամկետ հանձնառության մասին: Մեկուկես տասնամյակ ԵՄԴԱ-ն առանցքային դեր է խաղացել այս տարածաշրջանում կայունության ապահովման եւ լարվածության նվազեցման գործում։ ԵՄ-ն վճռականորեն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործին»,- ասել է Բորելը։
Բորելը միացել է ԵՄԴԱ պարեկային ծառայությանը՝ Հարավային Օսիայի վարչական սահմանագծի (ABL) Խուրվալեթի ուղղությամբ: Խուրվալեթում Բորելն անձամբ ականատես է եղել սահմանային կառույցների, ներառյալ ցանկապատերի, փշալարերի եւ դիտաշտարակների բացասական ազդեցությանը տեղի բնակչության ազատ տեղաշարժի վրա: ԵՄԴԱ դիտորդները նկարագրել են այն բարդ խնդիրները, որոնք ի հայտ են գալիս յուրաքանչյուր ամսվա առաջին քսան օրվա ընթացքում վարչական սահմանագծի հարավօսական հատվածի անցագրային կետերի փակման արդյունքում:
«Հնարավորություն ունեցա տեսնելու վարչական սահմանագիծը եւ տեղում զրուցելու տուժած ազգաբնակչության հետ: Նրանք են, որ վճարում են այս հակամարտության ամենաբարձր գինը»,- այցից հետո գրել է Բորելը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:
Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023. հեղինակի՛ր քո սեփական միջոցառումը
Ս.թ. հոկտեմբերի 9-ից 14-ը տեղի կունենան «Էրազմուս+»-ի թվով 7-րդ տեղեկատվական օրերը։
Էրազմուս+ տեղեկատվական օրերը նվիրված են ԵՄ-ի՝ կրթության, ուսուցման, երիտասարդության եւ սպորտի ոլորտներին ուղղված առաջատար ծրագրին: Ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ եւ նախաձեռնություններ, որոնք բաց են բոլորի համար, նույնիսկ եթե դուք «Էրազմուս+» ծրագրին մասնակցելու բախտ չեք ունեցել։
Ծրագիրը ներկայումս «Էրազմուս+» ֆինանսավորում ստացող կամ նախկինում այդպիսին ստացած եւ միջոցառում կազմակերպել կամ դրան մասնակցել ցանկացող իր շահառուներին հրավիրում է կապ հաստատել իրենց երկրում «Էրազմուս+» ծրագիրը ղեկավարող ազգային գործակալությունների կամ «Էրազմուս+» ազգային գրասենյակների հետ:
Միջոցառումը պետք է գրանցվի «Էրազմուս+»-ի վեբկայքում մինչեւ ս.թ. հոկտեմբերի 13-ի կեսգիշերը՝ կենտրոնաեվրոպական ժամանակով։
Էրազմուս+ տեղեկատվական օրերն առաջին անգամ անցկացվել են «Էրազմուս+» ծրագրի 30-ամյակի կապակցությամբ՝ 2017 թվականին: Այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներն ուղղված են ծրագրի հաջողությունների նշանավորմանը եւ ի ցույց են դնում դրա առաջարկած կյանք փոխող ուսումնառության փորձի առավելությունները։ Սա նաեւ ավելին իմանալու եւ ծրագրին միանալու առիթ է պոտենցիալ շահառուների համար:
2022 թվականին «Էրազմուս+» ծրագրի շահառուների կողմից աշխարհի 58 երկրներում կազմակերպվել է 6,295 միջոցառում։
ԵՄ-ն Վրաստանի պաշտպանության ուժերին մատակարարում է բժշկական, ինժեներական եւ շարժական սարքավորումներ
Եվրոպական միությունը (ԵՄ) Վրաստանի պաշտպանության ուժերին բժշկական, ինժեներական եւ շարժական սարքավորումներ է մատակարարել, այդ թվում՝ փիքափ բեռնատարներ, անհատական ինժեներական սարքավորումների հավաքածուներ, շարժական ռենտգեն եւ ուլտրաձայնային սարքեր:
Նշված մատակարարումը կատարվել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 2-ին ԵՄ խորհրդի կողմից համաձայնեցված աջակցության միջոցառման շրջանակներում։
Եվրոպական հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՄ ռազմական օգնությունը նպատակ ունի ամրապնդել Վրաստանի դիմակայունությունը՝ երկրի պաշտպանական ուժերի կարողությունները բարձրացնելու միջոցով։ Այն ներառում է ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց ծառայություններ մատուցելու կարողությունների ավելացում, ինչպես նաեւ ԵՄ Ընդհանուր պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության շրջանակներում ռազմական առաքելություններին եւ գործողություններին նպաստելու կարողություն:
2021 թվականից ի վեր ԵՄ-ն հաստատել է 62,75 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ աջակցության երեք միջոցառում՝ աջակցելու Վրաստանի պաշտպանության ուժերի շարժունակությանը, նյութատեխնիկական ապահովմանը, բժշկական, ինժեներական եւ կիբերպաշտպանության ստորաբաժանումներին:
Հետագա ամիսների ընթացքում ԽԵՀ-ը Վրաստանին կմատակարարի լրացուցիչ սարքավորումներ՝ երկու դաշտային հոսպիտալ, շտապօգնության մեքենաներ, միկրոավտոբուսներ եւ բեռնատարներ:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը նոր տնօրեն է նշանակել Կովկասի տարածաշրջանում
Ալկիս Վրյենիոս Դրակինոսը նշանակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն։ Նա իր պաշտոնը կստանձնի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից, նստավայրը՝ Թբիլիսի։
Ալկիս Վրյենիոս Դրակինոսը կղեկավարի բանկի գործառնությունները Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում՝ սերտորեն համագործակցելով պետական իշխանությունների եւ շուկայում գործող շահագրգիռ կողմերի հետ՝ միտված երեք երկրների տնտեսությունների հետագա զարգացմանը, աջակցելով մասնավոր հատվածին եւ հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներդրումների, բարեփոխումների եւ փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ու խորհրդատվական ծառայություններին ուղղված քաղաքականության երկխոսության միջոցով։
«Ես ուրախ եմ վերադառնալ Կովկաս եւ անհամբերությամբ սպասում եմ ստանձնելու այս ոգեւորիչ մանդատը` հիմնվելով տարածաշրջանում իմ նախկին փորձի եւ ՎԶԵԲ-ում ունեցած ձեռքբերումներիս վրա։ Կովկասի տարածաշրջանին աջակցելը Բանկի հիմնական առաջնահերթություններից է: Տարածաշրջանը մեծ ներուժ ունի հետագա զարգացման եւ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու համար, եւ ես ոգեւորված եմ սկսելու ՎԶԵԲ-ի տեղական թիմերի հետ աշխատանքս՝ այս տնտեսությունների հաջողության գործում շոշափելի ներդրում ունենալու նպատակով»,- նշել է Դրակինոսը։
Դրակինոսն ազգությամբ հույն է եւ առաջին անգամ միացել է Բանկին 1993 թ․-ին՝ 1998 թ․-ին դառնալով Հայաստանի գրասենյակի ղեկավար։ 2017 թ․-ին նա նշանակվել է ՎԶԵԲ-ի Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար։
«Իմփաքթ Հաբ Թբիլիսի»-ն ԵՄ-ի աջակցությամբ նախաաքսելերատորային ծրագիր է մեկնարկում ստարտափների համար
«Իմփաքթ Հաբ Թբիլիսի»-ն Եվրոպական միության աջակցությամբ մեկնարկել է ստարտափների համար նախատեսված ինտենսիվ նախաաքսելերատորային ծրագիր։
Այն կաջակցի սաղմնային փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափների հիմնադիրներին՝ քայլ առ քայլ ուղեկցելով նրանց ամենակարեւոր փուլերով՝ գաղափարից մինչեւ ընկերության հիմնում:
Եռամսյա տեւողությամբ ինտենսիվ դասընթացի ընթացքում ընտրված թիմերը կբարելավեն իրենց արժեքային առաջարկները, կլավարկեն իրենց գործառնական ու բիզնես մոդելները, կմշակեն հաղորդակցման պլաններ ու շուկա մուտք գործելու ռազմավարություններ, կստեղծեն պրոֆեսիոնալ շնորհանդեսային նյութեր ու ներդրումային առաջարկներ եւ այլն:
Աշխատաժողովները կանցկացվեն շաբաթական երեք անգամ՝ երեկոյան ժամերին՝ մի շարք արհեստավարժ քոուչերի եւ փորձառու ձեռներեցների մասնակցությամբ:
Ծրագիրը նախատեսված է աշխատողների, ուսանողների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բիզնես սկսել:
Դիմելու համար անհրաժեշտ է լինել առնվազն 2 հիմնադիրներից բաղկացած թիմի անդամ եւ ունենալ ընդլայնելի բիզնես մոդել (տեխնոլոգիական կամ տեխնոլոգիահեն ստարտափ):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 24-ը:
ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Արեւելյան գործընկերության քաղացիական հասարակության հիմնադրամը» հրավիրում է Հայաստանից եւ Վրաստանից քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներին) դիմելու «Կոմունիկացիոն լաբեր» ծրագրին, որն ուղղված է Հայաստանի եւ Վրաստանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը՝ օգնելու վերջիններիս մշակել ու սկսել իրենց սեփական հաղորդակցական արշավները ԵՄ աջակցությամբ:
«Կոմունիկացիոն լաբերը» նպատակ ունեն տրամադրել ՔՀԿ-ներին անհրաժեշտ հմտություններ, ռեսուրսներ եւ մենթորություն, որոնք անհրաժեշտ են արդյունավետ հաղորդակցական արշավներ մշակելու եւ իրականացնելու համար: Այս արշավները ոչ միայն կբարձրացնեն քաղաքացիական հասարակության կարեւոր դերի մասին իրազեկվածությունը, այլեւ կխթանեն ՔՀԿ-ների՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժի եւ համայնքի ակտիվացնողների հանրային դրական ընկալումը:
Քաղաքացիական հասարակության մինչեւ 20 կազմակերպություն՝ 10-ը Հայաստանից եւ 10-ը՝ Վրաստանից, կընտրվեն՝ մասնակցելու «Կոմունիկացիոն լաբեր»-ին իրենց արշավների գաղափարներով: Որպես կարողությունների զարգացման ծրագրի վերջին փուլ՝ կընտրվեն մինչեւ 6 նախընտրական գաղափարներ, որոնք կստանան ԵՄ ֆինանսավորում իրենց իրականացման եւ մեկնարկի համար։
Հայտերն ընդունվում են բացառապես անգլերեն լեզվով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ: Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։