Վերջին շրջանում, հատկապես իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարան ներկայացրած «Օտարերկրյա գործակալների» օրինագծերին առնչվող իրադարձությունների հետ կապված՝ հերթական ապատեղեկատվությունն է տարածվում, մասնավորապես՝ «Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը հակավրացական է, և նրանց ծախսերը թափանցիկ չեն»:
Թեմայի շուրջ «Ալիք Մեդիա»-ն խոսել է Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար Գիորգի Մելաշվիլիի հետ:
Որտեղի՞ց է գալիս տվյալ նարատիվը, ովքե՞ր են դրա «ծնողներն» ու տարածողները: Ինչի՞ համար և ի՞նչ նպատակով է նման տեսակետ տարածվում։
— Նախ՝ սկսենք այնտեղից, որ ոչ մի տեսակ «Ժողովրդի ուժ», «Վրացական ուժ» կամ այս կարգի անվանմամբ կուսակցություն կամ քաղաքական ուժ Վրաստանում գոյություն չունի: Սա անկախ քաղաքական կուսակցություն չէ, քաղաքական ուժ չէ, սա «Վրացական երազանքի» արբանյակ խմբավորում է, որն ունի մեկ հստակ նպատակ՝ բարձրաձայնել այն տեսակետները, որոնք «Վրացական երազանքը» մտահղացել է: Սա արմատական ձևաչափ է, սա մարդկանց խումբ է, որոնք պատրաստ են դիմել ցանկացած քայլի. չգիտեմ, թե ինչ կոմպրոմատ ունի «Վրացական երազանքն» այս խմբի նկատմամբ, բայց փաստ է, որ «Վրացական երազանքը» նրանց օգտագործում է այն նպատակով, որ բարձրաձայնեն ամենահակաարևմտյան, ամենաանընդունելի և հակաժողովրդավարական տեսակետները: Այդ իսկ պատճառով, երբ մենք խոսում ենք «ռուսական օրենքի» մասին, իսկ որ այդ օրենքը ռուսական է՝ հաստատել են Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ-ի եզրակացությունը և այլ միջազգային փաստաթղթեր, մենք ընդգծում ենք մեր խոսքով, որ «Վրացական երազանքը» ցանկանում էր չեզոքացնել, ոչնչացնել ցանկացած ազատ և անկախ մարդու կամ կազմակերպության` վերջնանպատակ ունենալով սեփական ուժի ամրապնդումն ու ամեն ինչ մեկ ուժի մեջ միաձուլումը, որը երբեք ոչ ոք ոչ մի կերպ չէր փոխի, և որևէ դիմադրություն չէր լինի: Բնականաբար, այս նպատակը, տեսակետն իր բնույթով հակադեմոկրատական է, իր բնույթով դեմ է Վրաստանի ցանկացած քաղաքացու ցանկություններին և իրավունքներին, և մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք այսպիսի ռեժիմ հիմնելու փորձեր, որոնք Վրաստանում, ուրախալիորեն, երբեք հաջողությամբ չեն պսակվել: Այդ իսկ պատճառվ անհաջող էր այս շարժումը, անհաջող էին այս փորձերը, և մենք շատ լավ տեսանք, որ «Վրացական երազանքին» իրական ժողովրդի ուժը կանգնեցրեց այս օրենքի ընդունումից հրաժարվելու առջև, ճիշտ է` ներողություն չհայցեցին, բայց շատ լավ զգացին՝ որն է հասարակության նպատակը։ Իսկ հասարակության նպատակը ժողովրդավարական պետության կառուցումն է, որի անկյունաքարը քաղաքացիական հասարակությունն է` անկախ, ազատ հասարակությունը, որը կառավարում է իշխանությանն ու կառավարությանը, իսկ վերջինս պաշտպանում է յուրաքանչյուր քաղաքացու, նրա էթնիկ, կրոնական պատկանելությունից կամ ցանկացած այլ տարբերությունից անկախ, պաշտպանում է վերջինիս իրավունքներն ու ազատությունը: Հենց սա է իրական քաղաքացիական հասարակության նպատակը:
Սրան ավելանում են 12 հանձնարարականները: Վրաստանի անսասան ընտրությունն է, որ մենք դառնանք Եվրամիության անդամ պետություն: Մեր պարագայում ուղիղ գրված է՝ քաղաքացիական հասարակության հզորացումը, նրանց հետ համագործակցությունը և նրանց մասնակցությունը բոլոր որոշումների կայացմանը՝ կարևոր առաջնահերթություններից են: Ինչպե՞ս դարձավ Արևմուտքը հաջողակ. ազատության գաղափարով, և ազատության գաղափարի կարևորագույն մասնիկներից մեկը հասարակական կազմակերպությունն է. կազմակերպություններ, որոնք կամավորությամբ, իրենց ցանկությամբ մատուցում են ծառայություններ: Դա է պատճառը, որ նրանց դեմ այս արշավն այդչափ կեղտոտ և ցավալի է, այս արշավը պայքար է այն մարդկանց դեմ, որոնք իրապես ծառայում են իրենց պետությանը, այդ թվում՝ կատարում են այն նախագծերը և մատուցում այն ծառայությունները, որոնք անկարող է մատուցել պետությունը: Եվ երբ ասում են, թե հարցեր կան ֆինանսավորման հետ կապված, թափանցիկության հետ կապված և այլն, իհարկե` բոլորը սուտ է: Միայն ռուսական ֆինանսավորմամբ քաղաքացիական հասարակությունն է, որ չի նպաստում պետության շահերին, ընդհակառակը՝ ամրապնդում է ազգայնականությունը, հոմոֆոբիան, ուժեղացնում է ազգայնական խմբերին, որոնք ընդդիմանում են վրացական պետականության գաղափարին:
Ահա այս ֆոնին մենք ստացանք անհասկանալի օրինագիծ, որի նպատակն է մեր գործընկերների (նկատի ունի ԱՄՆ-ին և ԵՄ-ին. — խմբ.) գործունեության սահմանափակումը. ժողովրդին ծառայող մարդկանց գործակալ ու ժողովրդի թշնամի և այլ անհիմն որակումներ տվեցին. մարդկանց, որ պայքարում են, որ մենք ապրենք նորմալ, ժողովրդավարական և իրապես եվրոպական պետությունում:
Ովքե՞ր են այս հռետորաբանության թիրախում։
— Այս նարատիվների հիմնական տարածողը «Վրացական երազանքն» է: Այս հարցին լավ պատասխանելու համար պետք է լավ տեսնենք նրանց մոտիվացիան: «Վրացական երազանքի» նպատակն է փոքրացնել, նեղացնել և քանդել ազատ միջավայրերը, այսինքն` այն միջավայրերը, որոնք վերահսկում են մունիցիպալ բյուջեն, պետական բյուջեն և այլն: Ցանկանում են կաղապարել և լռեցնել այն մարդկանց, որոնք տեսնում և բացահայտում են պետության անարդյունավետ գործունեությունը, կոռուպցիան և այդ ամենի մեղավորներին։ Սա է հիմնական նպատակը. նրանք չեն ցանկանում, որ զուգահեռ իրականությունը, որը ստեղծում են «Իմեդի» հեռուստաընկերությունն ու այլ պրոպագանդիստական հեռուստատեսություններ, ինչ-որ կերպ ընդհատվի: Բացի այդ, «Վրացական երազանքի» համար շատ խնդրահարույց է խոսել այն մարդկանց հետ, որոնք առնչություն չունեն պետական կառույցների հետ, որոնք կախված չեն այն փոքրիկ օգնություններից կամ փոքր չափի բյուջետային ֆինանսավորումից, որոնց միջոցով նրանք փորձում են ընտրողների հավաքագրել: Եթե սա դիտարկենք ավելի գլոբալ մակարդակով, շատ լավ կտեսնենք, որ այս ամենի նպատակը ավտորիտար ռեժիմի ստեղծումն է: Բելառուսի նման, վերջին հաշվով նաև՝ Հուսիսային Կորեայի նման, սակայն Հյուսիսային Կորեան ուրախալիորեն անհնար է պատկերացնել, Բելառուսի նման ռեժիմի ստեղծում, որտեղ ռեժիմին ոչ ոք ոչ մի կերպ ընդդիմանալ չի փորձում: Վրաստանում եղել են նմանօրինակ փորձեր, բայց այդ փորձերը երբեք հաջողություն չեն ունեցել և, իհարկե` չեն էլ ունենա:
Ի՞նչ գործիքներ են օգտագործում այդ հռետորաբանությունը բնակչության մեջ տարածելու համար։
— Այս նարատիվների տարածման համար «Վրացական երազանքը» օգտագործում է այն հսկայական պրոպագանդիստական մեքենաները, որոնք հենց իրենք են ստեղծել կառավարման 10 տարիների ընթացքում: Եթե երբևէ որևէ մեկը հարցնի, թե ո՞րն է «Վրացական երազանքի» ամենամեծ հաջողությունը, դա կլինի, իհարկե, պրոպագանդիստական մեքենաների ստեղծումը, որոնցում ներառվում է ոչ միայն հեռուստատեսությունը, այլև՝ տեղական ինքնակառավարումը, տեղական իշխանությունը: Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ իրականում վրացական պետական և հանրային գործիչների նպատակը ոչ թե պետության ֆունկցիոնալությունն է, այլ «Վրացական երազանքի» պրոպագանդայի ուժեղացումը և դրա մատակարարումը ամենահասարակ մարդկանց, ինչը մենք 24-ժամյա ռեժիմով տեսնում ենք:
Ի՞նչ վատ ազդեցություն է թողել արդեն իսկ բնակչության վրա: Ինչպե՞ս խուսափել նման հռետորաբանության «զոհ» դառնալուց։
— Ամենակարևորն այն է, որ մենք շատ լավ հասկանանք, թե ով է մեր պետության բարեկամը, և ով է մեր պետության թշնամին: Մտածենք այն մասին, թե ում է ձեռնտու Վրաստանում Արևմուտքի ազդեցության թուլացումը և այն մարդկանց ստրկացումը, որոնք պայքարում են Վրաստանի եվրոպական ապագայի համար: Իհարկե, սա Ռուսաստանին է ձեռնտու, և իհարկե` սա ցանկացած տեսակի ավտորիտար կառավարչի է ձեռնտու: Դրա համար, երբ մենք լսում ենք հակաարևմտյան պրոպագանդա, երբ մենք լսում ենք պնդումներ, որ մեր ռազմավարական գործընկեր Արևմուտքին փորձում են հավասար հարթության վրա դնել Ռուսաստանի հետ՝ արդեն իսկ պրոպագանդա է, սա արդեն իսկ փորձ է մեր երկրի ազգային շահերին դեմ գնալու, և իհարկե` սրան չպետք է հավատանք և միշտ քննադատական մտածողություն, քննադատական միտք պետք է ունենանք, լավ վերլուծենք այն, թե որն է մեր երկրի ազգային շահը: Հասկանանք, որ եվրոպական ապագան նշանակում է լավ կյանք, որ եվրոպական ապագան նշանակում է՝ իրավունքների պաշտպանություն, նշանակում է՝ խոսել այն մասին, ինչը մեզ համար կարևոր է: Եվ այս ամենը հասկանալու ֆոնին՝ մենք շատ լավ կհասկանանք՝ ինչ է ռուսական պրոպագանդան, որը կամա թե ակամա ուժեղացնում է «Վրացական երազանքը», իսկ իրականությունը, ճշմարիտն այն է, որ մեր երկրի բնակչության մեծամասնությունն իր ընտրությունը կատարել է, և դա Արևմտյան ընտրությունն է:
Ի դեպ, նշված օրինագծերի քննարկման ընթացքում Թբիլիսիում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ էին ընթանում ընդդեմ այդ օրինագծերի ընդունման: Վրաստանի քաղհասարակությունը, ընդդիմադիր ուժերը և երկրի եվրոպական ապագայով մտահոգ քաղաքացիները դուրս էին եկել փողոց՝ պաշտպանելու իրենց սահմանադրական իրավունքը, այն է՝ Վրաստանը դարձնել եվրոպական ընտանիքի անդամ: Ըստ վերլուծաբանների՝ «գործակալների օրինագծերը», որ հետո «ռուսական օրենք» անվանումն ստացան՝ Վրաստանի իրական ռազմավարական գործընկերներին՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին համարելու էին ոչ բարեկամ երկրներ, իսկ նրանց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին և այդտեղ աշխատող քաղաքացիներին՝ «գործակալներ»:
Ի վերջո, երկօրյա լայնամասշտաբ բողոքի ակցիաների շնորհիվ իշխանությունները տապալեցին օրինագիծը: «Վրացական երազանքը» հայտարարեց, որ սկսելու են տարբեր հանդիպումներ՝ հասարակությանն օրինագծերի մասին ավելի «ճշգրիտ» տեղեկություն մատուցելու համար:
Բողոքի ակցիաների ֆոնին՝ Թբիլիսիում հակաարևմտյան և ռուսամետ համարվող ուժերը վրաստանյան առաջատար ՀԿ-ների ղեկավարների նկարներով վարկաբեկիչ պաստառներ էին տարածում: Մասնավորապես, պաստառների վրա գրված էր, որ վերջիններս «եկեղեցին են անարգում» և այլն:
Հրապարակումը ստեղծվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Ալիք Մեդիա Վրաստանը, հրապարակումը կարող է չհամընկնել Եվրամիության հայացքներին: