Վրաստանի Կախեթիի մարզի երեք մունիցիպալիտետների՝ Կղվարելիի, Թելավիի և Լագոդեխիի առնվազն 30 գյուղերում հաշվում են տարերային աղետի հետևանքները։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան տեղացած կարկուտից ամենաշատը տուժել են Գրեմի, Էնիսելի, Ալմատի և Սաբուե գյուղերում։
Տեղացիների խոսքով, բերքի գրեթե 100 տոկոսը ոչնչացվել է։ Գրեմի գյուղում տասնյակ խաղողագործներ մնացել են առանց բերքի:
Առանց խաղողի բերքի են մնացել նաև Էնիսելիում, Ալմատիում և Սաբուեում։ Աղետը վնասել է նաև բնակիչների տները՝ վնասվել են տանիքները, շարքից դուրս է եկել էլեկտրատեխնիկան։ Տեղացիները նշել են, որ հակակարկտային համակարգն աշխատել է, բայց՝ ապարդյուն:
Ուժեղ կարկուտից և քամուց տուժել են նաև Թելավիի և Լագոդեխիի գյուղերում։ Վնասվում են խաղողի այգիները, պտղատու այգիները և միամյա այլ մշակաբույսերը։ Ջրով են լցվել բնակելի տների առաջին հարկերը, սատկել են ընտանի թռչուններ:
Կախեթիի մարզպետ Գիորգի Ալադաշվիլիի խոսքով, վնասները հաշվարկվում են: Ըստ բնակիչների՝ օգնություն չստանալու դեպքում, իրենք չեն կարողանա ինքնուրույն հաղթահարել աղետի հետևանքները։
Նշենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Կախեթիում բնական աղետ է տեղի ունենում արդեն երրորդ անգամ։ Մունիցիպալիտետները բնակչությանը փոխհատուցում են միայն ենթակառուցվածքային վնասների համար։
Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ պետությունը կփոխհատուցի Կախեթիում աղետից տուժածներին։ aliq.ge