Նինոծմինդայում նշվեց մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանի 132-ամյակը

Նինոծմինդայում նշվեց մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանի 132-ամյակը

Այսօր՝ փետրվարի 9-ին նշվեց մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանի 132-ամյակը:

Վահան Տերյանը ծնվել է 1885թ. Գանձա գյուղում, քահանայի ընտանիքում: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:
Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ: Նրա գրական ժառանգության անբաժան մասն են նամակները:

Երևանում, ՀՀ այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Տերյանի անունով կոչվել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցվել են հուշարձաններ: Գանձայում 1957 թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: Ամեն տարի հուլիսին նրա ծննդավայրում տեղի են ունենում Տերյանական պոեզիայի օրեր:

Արդեն ավանդույթ է, որ ամեն տարի փետրվարի 9-ին բանաստեղծի հարազատները և Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի աշխատակիցները կենտրոնի բակում գտնվող մեծանուն բանաստեղծի հուշարձանի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցում:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting