Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս մշտապես և վերջնականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։
Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը։
«Չափազանց շատ մարդիկ են արդեն սպանվել ընդամենը երկու օրվա ընթացքում։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել իրենց տներից։ Ադրբեջանն ընտրել է ռազմական ուժով տեղում փաստական իրավիճակ փոխելու ճանապարհը։
Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն մեզ անհրաժեշտ է, որ ամբողջովին դադարի բռնությունը։ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը ամբողջովին և լիարժեքորեն պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, հատկապես երեխաներին, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում։
Էթնիկ հայերի տեղահանությունը և հարկադիր արտագաղթը Ղարաբաղից ընդունելի չեն։ Այսքանն ասելով հանդերձ՝ ցանկանում եմ վերահաստատել այս մարմնի՝ նախկինում կայացրած մի քանի որոշումները․ և Հայաստանի, և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չպետք է դրվեն հարցականի տակ։ Դժվար է պատկերացնել այն տառապանքը և դժվարությունը, որ կրում են ԼՂ-ում բնակվող կանայք, երեխաները և տղամարդիկ ամիսներ շարունակ այն բանից հետո, երբ Բաքվի իշխանությունները փաստացի փակել են Լաչինի միջանցքը։ Խանութներում դատարկություն է, դեղորայքը ավարտվել է, էլէներգիան, բենզինը չեն բավականացրել։ Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ գործընկերների հետ մենք ջանք ու եռանդ չխնայելով աշխատել ենք, որպեսզի այս կարիքի մեջ գտնվող մարդկանց համար ապահովենք մարդասիրական ծառայությունների և օգնության հասանելիությունը՝ հատկապես հղիների, երեխաների և տարեցների համար, և հենց հույսի մեկ նշույլ ի հայտ եկավ՝ մարդասիրական առաքումները թույլ տվեցին հասցնել ԼՂ, Բաքուն խախտեց իր՝ ուժի կիրառումից ձեռնպահ մնալու բազմաթիվ հավաստիացնումները՝ ահռելի տառապանք պատճառելով առնաց այն էլ ծանր վիճակում գտնվող բնակչությանը։
ԼՂ բնակչությունն արժանի է ապրել անվտանգության մեջ, արժանի է, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն։ Լաչինի միջանցքը բաց պահելը կենսական կարեւորություն ունի մարդասիրական պատճառներով, ինչպես նաեւ քանի որ դա մշակութային եւ սոցիալական կամուրջ է Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի համար։
Բաքուն և Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան երկխոսության։ Այս հակամարտությունը, որը սկսվել է երեսուն տարի առաջ, չափազանց մեծաթիվ զոհեր է տվել։ Մեզ անհրաժեշտ է, տարածաշրջանում բնակվողներին անհրաժեշտ է տևական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք, ես կշարունակենք դա հստակ հայտնել երկու կողմերին, ես կոչ եմ անում ձեզ, իրենց վերադառնալ ԵՄ կողմից միջնորդավորված բանակցություններին։ Հիմա է լարվածությունը թոթափելու ժամանակը, և ես ցանկանում եմ ընդգծել, որևէ երկիր չպետք է ներկայիս իրավիճակն օգտագործի Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու նպատակով։ ԼՂ-ում կանայք, տղամարդիկ և երեխաները,և ընդհանրապես տարածաշրջանի բնակիչներն արժանի են ապրելու առանց վախի, առանց բռնության վախի, առանց տներից հարկադրաբար հեռացվելու վախի, առանց իրենց իրավունքներից, լեզվից, կրոնից զրկվելու վախի։ Նրանք արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես բոլորս»։