Ինչ խնդիրներ են առաջացնում Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կայանված բեռնատարները տեղի բնակիչներին (տեսանյութ)

Ինչ խնդիրներ են առաջացնում Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կայանված բեռնատարները տեղի բնակիչներին (տեսանյութ)

Ախալքալաքում «Կարծախի» մաքսակետ տանող ճանապարհը, որտեղ հաճախ են կայանում բեռնատարները, աղտոտված է։ Ըստ տեղացիների՝ Վրաստան-Թուրքիա սահմանը հատելուն սպասող վարորդները երբեմն մի քանի օր շարունակ աղբ են նետում 30 կիլոմետրանոց հատվածում։ Խնդիր է նաև միակողմանի փակ ճանապարհը, ինչի պատճառով հաճախ արտակարգ իրավիճակ է ստեղծվում։

«Շատ վտանգավոր ճանապարհ է, ամեն օր երեխաներին այստեղից մանկապարտեզ ենք տանում։ Կցասայլերի շարքը վթարային իրավիճակ է ստեղծում, եւ մենք ուզում ենք այս հարցին ուշադրություն դարձնել ու լուծել»,- ասացին Դադեշ գյուղի բնակիչները։

Տեսանյութն ու լուսանկարն արված են սեպտեմբերի 5-ին, դեղին երթուղայինի վարորդը տեղափոխում է մանկապարտեզի սաներին:

Նրանց խոսքով՝ խնդիր է նաեւ այն, որ վարորդները աղբը թափում են ճանապարհի եզրերին եւ աղտոտում տարածքը։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը մեզ հետ զրույցում ասում է, որ երկու խնդիրների մասին էլ տեղեկություն ունի. Սակայն ոչ տարածքի մաքրումը, ոչ հերթերի հսկողությունը քաղաքապետարանի իրավասության մեջ չեն մտնում։ Խնդրին լուծում տալու համար գրություն են ուղարկել համապատասխան գերատեսչություններին։


«Այս ճանապարհը կենտրոնական է և գտնվում է ճանապարհային վարչության սպասարկման տակ։ Վերջին շրջանում մեքենաների թիվն այնքան է շատացել, որ Կարծախից Ախալքալաք հերթեր են գոյանում։ Մենք այլընտրանք չունենք, սահմանը միակ ճանապարհն է։ Մաքսայինն աշխատում է 24 ժամ, բացվել են նաև լրացուցիչ անցակետեր, բայց մեքենաների թիվը շատ է ավելացել»,- ասում է Մելքոն Մակարյանը։

Նրա խոսքով, քաղաքապետարանը հնարավորություն չունի այդ տարածքում աղբամաններ տեղադրել։

«Մենք այս հարցով գրել ենք Ճանապարհային վարչություն, նրանք նույնպես տեղյակ են դեպքից։ Գարնանային շրջանում 10 օր մեր ուժերով աշխատեցինք ու ամեն ինչ մաքրեցինք։ Եթե աղբամաններ տեղադրենք, առնվազն 100 աղբաման կպահանջվի, ինչը քաղաքապետարանը չի կարող իրեն թույլ տալ։ Մարդիկ էլ պետք է հասկանան, որ աղբը չշպրտեն»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը։

Մանրամասները կարդացեք Sknews.ge կայքէջում