Փետրվարի 10-ի երեկոյան՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին, Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում:
Այդ օրը երիտասարդները ոչ միայն չեն ուտում, այլ նաև ամբողջ օրվա ընթացքում ջուր չեն խմում: Քնից առաջ ուտելով աղի բլիթները՝ երիտասարդները սպասում են, արդյոք երազում կտեսնեն իրենց ապագա կողակցին, ով ջուր կտա իրենց: Հայ Առաքելական եկեղեցին հորդորում է մարդկանց այդ օրերին աղոթել Սուրբ Սարգսին:
Փետրվարի 11-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա սուրբ պատարագ նվիրված Սուրբ Սարգիս զորավարին, իր որդու` Մարտիրոսին և 14 քաջ մարտիկներին:
Ընդունված ավանդոյթ է, որ տոնի նախօրեին չամուսնացածները երեկոյան ալյուր են դնում շեմին՝ հավատալով, որ Սուրբ Սարգիսը կգա և իր ոտքի հետքը կթողնի:
Տոնի մանրամասների մասին մեզ պատմեց Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արմաշ Պողոսյանը: