Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ բնական գազ չկա, բնակիչները սկսել են պատրաստվել երկար ու ցուրտ ձմռանը։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 31 գյուղերից 8 գյուղը գազաֆիկացված չէ։ Իսկ այս գյուղերի բնակիչները գարնանը սկսում են թրիքը չորացնել՝ այն ձմռանը վառելու համար։ Աղբից բացի, բնակիչները գնում են վառելափայտ և քարածուխ՝ ամբողջ ձմռանը տունը տաքացնելու համար:
Այդ գյուղերից մեկը Ժդանովական գյուղն է։ Այսօր պարզելու համար, թե ինչպես են բնակիչները պատրաստվում ձմռանը, այցելեցինք գյուղ։ Ոմանք արդեն չորացրել էին թրիքը, բայց կային նաև այնպիսիք, ովքեր եղանակային պայմանների պատճառով չէին հասցնում թրիքը չորացնել, ուստի վառելափայտ էին գնում։ Ինչպես նշում են բնակիչները, թրիքը չորացնելն ու փայտ կոտրելը հեշտ գործ չէ։ Նրանք ցանկանում են, որ իրենց գյուղում էլ բնական գազ լինի։ «Գազի բացակայության պատճառով վառարանները տաքացնում ենք գրեթե ամբողջ տարին։ Չնայած այն հանգամանքին, որ 7-8 ամիս ձմեռ ունենք, մենք ամբողջ տարին տաքացնում ենք վառարանները՝ ուտելիք եփելու, հաց թխելու, պանիր պատրաստելու համար։ Ամբողջ ամառ թրիքը չորացնում ենք ու պահում ձմռան համար։ Իսկ երբ բնական գազ լինի, մեր ամենօրյա գործը կհեշտանա, մենք էլ հարմարավետություն ու կարգուկանոն ձեռք կբերենք։ Հիմա տաք ջուր ունենալու համար օգտվում ենք էլեկտրական ջրատաքացուցիչից, որն աշխատում է հոսանքով, ինչն էլ շատ թանկ է»,- ասում են Ժդանովական գյուղի բնակիչները։
Մեկ գազի բալոնը լցնելու համար բնակիչները վճարում են 30 լարի։ Այն բավական է միայն սուրճ պատրաստելու և սնունդը տաքացնելու համար։ Վառելափայտը՝ 600 – 800 լարի արժե։
Նշենք, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում բնական գազի մատակարարմամբ զբաղվում է SJGC ընկերությունը։ Ընկերության նախագծի համաձայն՝ այս տարի աշխատանքներ կիրականացվեն Հեշտիայից Նինոծմինդա նոր գազատարի կառուցման ուղղությամբ։
Նոր գիծը կունենա մոտ 14 կմ երկարություն։ Աշխատանքները տեղի կունենան երկու փուլով. Առաջին փուլում կկառուցվի Հեշտիա-Սաթխա, երկրորդ փուլում՝ Սաթխա-Նինոծմինդա գիծը։ Աշխատանքների առաջին փուլն արդեն սկսվել է։