Այս տարի առաջին անգամ կնշվի Նինոծմինդա քաղաքի օրը։ Տոնին կանցկացվեն բազմաթիվ տարբեր միջոցառումներ։
Քաղաքի օրվա 40-ամյակին նվիրված միջոցառումը տեղի կունենա ժամը 12:00-ին Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ (Խոջաբեկ թաղամաս), Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի պետական դրոշի մոտ։ Իսկ գլխավոր տոնակատարությունն ու պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 13:00-ին Կենտրոնական զբոսայգում։
Վրաստանի շրջաններում տեղի ունեցած ողբերգության ու ջրհեղեղի պատճառով քաղաքի տոնը կնշվի համեստ, առանց երաժշտական կատարումների։
Քաղաքի օրվա տոնակատարությունները մի քանի անգամ հետաձգվել են։ Վերջին տեղեկություններով՝ միջոցառումը կկայանա սեպտեմբերի 30-ին։ Տոնի հետաձգումը կապված էր նաև Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։
Ելնելով վերջնական տվյալներից՝ մենք հարցում ենք անցկացրել Նինոծմինդայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե նրանք ինչ տեղեկություններ ունեն նախատեսվող միջոցառման մասին և ինչ կարծիք ունեն այս հարցում։
Ինչպես պարզվեց, մեծամասնությունը նույնիսկ չգիտեր, որ քաղաքին նվիրված միջոցառում է լինելու։ Սակայն փորձեցինք պարզել, թե ինչ է մտածում բնակչությունն այս միջոցառման մասին և որքանո՞վ է ճիշտ քաղաքի օրը նշելու համար ծախսել մոտ 20 000 լարի։ Հավելենք, որ քաղաքաբնակների շրջանում կարծիք կա, որ այս փուլում քաղաքի օրը նշելու վրա 20 հազար լարի ծախսելու փոխարեն լավ կլիներ ավելի շատ օգնություն ցուցաբերել կարկտահարությունից տուժած բնակչությանը։