Ինչ միջոցառումներ է անցկացնելու Վրաստանի հայ համայնքը հոկտեմբերի 1-ին

Ինչ միջոցառումներ է անցկացնելու Վրաստանի հայ համայնքը հոկտեմբերի 1-ին

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնմամբ՝ հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում երթ կկայանա Արցախի համար, որի շրջանակներում կազմակերպիչներն ակնկալում են Վրաստանում բնակվող հայերի ակտիվ մասնակցությունը։

ՀԿ-ն հորդորում է մասնակցել Սուրբ Պատարագին, որը կանցկացվի բոլոր հայկական եկեղեցիներում, այդ թվում` նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում և Սուրբ Էջմիածին եկեղեցում։ Ժամը 14:30-ին երթի մասնակիցները կհավաքվեն Վակեի այգու մուտքի մոտ, որտեղից երթով կշարժվեն դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ և ապա` Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը նշեց, որ արդեն իսկ Ջավախքից և Աջարիայից բազում հայազգի ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել միանալ երթին․

«Առաջիկա օրերին մեր առաջնային պարտքն ենք համարում հայ հասարակության շրջանում տարածել և կոչ անել միանալ հոկտեմբերի մեկին անցկացվելիք միջոցառումներին, գնալու ենք նաև հայաբնակ թաղամասեր մարդկանց տեղյակ պահելու։ Իհարկե` գիտակցում ենք, որ այդ օրը նաև «Թբիլիսիոբա» է` Վրաստանի մայրաքաղաքի տոնը, սակայն հայն այս վիճակում չի կարող տոնել «Թբիլիսոբան», երբ մեր ազգի ճակատագիրը վտանգի տակ է։ Նաև հատկանշական է, որ այդ օրը կիրակի է, ու ով ունի հնարավորություն, խնդրում ենք ժամանակ տրամադրել և միանալ մեզ»։

Վրաստանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում միշտ չեզոք դեր է ունեցել, ընդգծեց Միրզոյանը, բայց քանի որ այս պահին Արցախում կատարվում է ցեղասպանություն, ինքը հույս ունի, որ Վրաստանը չեզոքություն չի պահպանի։

«Բնիկ հայերը, որոնք դարեր շարունակ ապրել են Արցախում` ցեղասպանության են ենթարկվում։ Եվ հաշվի առնելով, որ հայ և վրացի ազգերը դարեր շարունակ կողք կողքի են ապրել, հույս ունենք, որ Վրաստանը կփոխի իր չեզոք կարգավիճակը, ակնկալում ենք նաև կառավարության ուշադրությունն այս հարցի հանդեպ», — ասաց Միրզոյանը։

Նա նկատեց, որ հակահայ տրամադրություններ, հայ ազգի նկատմամբ ատելություն միշտ եղել է, որը ձեռնտու է ադրբեջանական կողմին, բայց նաև, ըստ երթի կազմակերպչի, նկատելի է վրաց ժողովրդի կարծիքների դրական փոփոխություն այս խնդրի հանդեպ․

«Վրաց հասարակության մեջ նկատվում է այս ուղղությամբ փոփոխություն, մարդիկ տեսնում են  վտանգները և հասկանում են, որ անպատժելիության զգացումն Ալիևին ու Էրդողանին հետզհետե ավելի ագրեսիվ են դարձնում, և դա լուրջ վտանգ է մեր տարածաշրջանի համար»։

ՀԿ-ի ղեկավարը նշեց` կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց երբ հարցը վերաբերում է ազգային շահերին, ապա պետք է բոլորս կողքի դնենք անձնական մոտեցումները և համախմբվենք․

«Թվում է, հիմա է ամենաօրհասական պահը, սակայն այդ պահը վաղուց է եկել, և ավելի մեծ վտանգները դեռ առջևում են։ Ուստի, այս պահին մեր միակ ելքը միասնական ջանքերով գործելն է։ Մարդիկ արդեն կապվել են ինձ հետ, օրինակ, Աջարիայից, տեղեկացրել են, որ պատրաստվում են իրենց իսկ միջոցներով գալ Թբիլիսի` մասնակցելու միջոցառումներին, գալու են նաև Ջավախքից, չնայած Թբիլիսիից բավական հեռու են»։

Վերջում Արթուր Միրզոյանը կոչ արեց․ «Վրաստանում ապրող բոլոր հայերին կոչ ենք անում գտնել հնարավորություն ու ժամանակ և մեկ օր տրամադրել վերոնշյալ միջոցառումներին»։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ը հայտարարվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ:

 Aliq.ge