Վրաստանի եվրոպամետ ազգաբնակչությունը եւ Վրաստանի նախկին օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտնվել են մարդու իրավունքների ոլորտում ԵՄ-ի կողմից շնորհվող բարձրագույն պարգեւի՝ Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակի հավակնորդների թվում։
Եվրոպական խորհրդարանի անդամները եւ քաղաքական խմբերը սեպտեմբերի 20-ին ներկայացրել են Սախարովի անվան մրցանակի 2023 թվականի իրենց թեկնածուներին։
Վրաստանի եվրոպամետ ազգաբնակչության եւ Վրաստանի նախկին օմբուդսմեն Նինո Լոմջարիայի թեկնածությունն առաջադրել է Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խումբը (ECR)։
Հավակնորդների թվում են նաեւ Ջինա Մահսա Ամինին (22-ամյա կինը, ով մահացել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ ձերբակալվել է Իրանի բարոյականության ոստիկանության կողմից իբրեւ թե հիջաբ չկրելու համար), Իրանում կանանց իրավունքների շարժումը, կրթության ոլորտի աֆղանստանցի ակտիվիստները, Իլոն Մասկը եւ այլք:
Հաղթողի անունը հայտնի կդառնա ս.թ. հոկտեմբերին, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա ս.թ. դեկտեմբերին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ժամանակ։
ԵՄԴԱ-ն Աբխազիայի վերաբերյալ վրաց երիտասարդության ընկալումների մասին ֆիլմ է ցուցադրել
Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն (ԵՄԴԱ) ու Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) սեպտեմբերի 8-ին կազմակերպել են «Աբխազիայի հետ իմ կապերը» վավերագրական ֆիլմի հանրային ցուցադրությունը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) լրագրող Զվիադ Մչեդլիշվիլիի ֆիլմը պատմում է հետկոնֆլիկտային սերնդի մասին, որին 1992-1993 թթ. Աբխազիայի պատերազմից հետո փխրուն խաղաղություն է բաժին հասել։
«Կենտրոնանալով երիտասարդների առօրյայի վրա՝ ես փորձեցի խորամուխ լինել նրանց մտքերի ու զգացմունքների մեջ։ Նրանց հույզերի միջով երբեմն ինձ էր հասնում ավագ սերունդների կողմից նրանց փոխանցված բացասական կոլեկտիվ հիշողության արձագանքը»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Զվիադ Մչեդլիշվիլին: Նրա խոսքով, ֆիլմի երիտասարդ հերոսները երբեք չեն եղել Աբխազիայում եւ այնտեղի հետ ընտանեկան կապեր չեն ունեցել, բայց հարգում են աբխազական մշակույթը, ավանդույթներն ու լեզուն։ «Նկարահանումներից ինձ պարզ դարձավ, որ ֆիլմի գլխավոր հերոսների համար Աբխազիան պարզապես անջատված տարածաշրջան չէ, այլեւ իրենց ինքնության մի մասը»,- հավելել է Զվիադ Մչեդլիշվիլին:
Ֆիլմը ցուցադրվել է Ծնորում գտնվող Գիտելիքի սրճարանում՝ Խաղաղության լրագրության համար ԵՄԴԱ հատուկ մրցանակի 2023 թվականի մրցույթին տարածաշրջանային լսարանի մասնակցության խթանմանն ուղղված ԵՄԴԱ-ի իրազեկման ջանքերի շրջանակներում։
«Աբխազիայի հետ իմ կապերը» վավերագրական ֆիլմը նաեւ ԵՄԴԱ-ի ու Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) համատեղ նախաձեռնության արդյունքն է: Արդեն մի քանի տարի է, ինչ «Խաղաղության լրագրության համար ԵՄԴԱ հատուկ մրցանակ» ծրագրի շրջանակներում վավերագրական ֆիլմերի շարք է արտադրվում: Վավերագրական ֆիլմերը նվիրված են Վրաստանի չլուծված հակամարտություններին` նպատակ ունենալով հասկանալ դրանց արմատները եւ օգնել համայնքների հաշտեցմանը:
ԵՄ-ն, ՎԶԵԲ-ը եւ Շվեդիան նպաստում են Վրաստանում կանանց ձեռներեցության զարգացմանը
Եվրոպական միությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Շվեդիայի հետ համատեղ նոր միջոցներ կհատկացնի վրացի կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):
ՎԶԵԲ-ի կողմից Վրաստանի խոշորագույն բանկերից TBC բանկին տրամադրվող 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը թույլ կտա ավելի ընդլայնել կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին TBC-ի վարկավորումը՝ կենտրոնանալով մայրաքաղաքից դուրս գործող ընկերությունների ֆինանսավորման վրա: Վարկառուները հնարավորություն կունենան վարկ ստանալ վրացական լարիով կամ ԱՄՆ դոլարով:
Նշված վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ-ի եւ Շվեդիայի աջակցությամբ: «Կանայք բիզնեսում» ծրագրի նպատակն է նպաստել կանանց համար ֆինանսների եւ ձեռներեցության հասանելիությանը վարկավորման եւ բիզնես խորհրդատվության միջոցով: Ծրագրի շրջանակներում կին ձեռներեցները կօգտվեն նաեւ խորհրդատվական ու մենթորական ծառայություններից եւ վերապատրաստումների շարքից:
TBC բանկը հաջողությամբ միացել է «Կանայք բիզնեսում» ծրագրին դեռեւս 2017 թվականին՝ 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկով, որն այժմ ամբողջությամբ օգտագործվել է։
Վրաստան. հայտամրցույթ՝ Երիտասարդ մասնագետների ծրագրին միանալու համար
Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN) Վրաստանի Քվեմո Քարթլի եւ Սամցխե-Ջավախեթ մարզերում բնակվող 18-30 տարեկան երիտասարդներին հրավիրում է միանալու իր Երիտասարդ մասնագետների ծրագրին:
Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Երիտասարդ մասնագետների ծրագիրը նպատակ ունի խթանել տարածաշրջանում բնակվող երիտասարդների մասնագիտական աճը եւ նպաստել Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախեթում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանը:
Այս նախաձեռնության շրջանակներում CENN-ը կընտրի տասը դիմորդ, ովքեր հնարավորություն կստանան մեկ ամիս աշխատել Վրաստանի քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների հետ։ Դրանից հետո նրանք դրամաշնորհային ֆինանսավորում կստանան իրենց նորարարական գաղափարներն իրականացնելու համար՝ համագործակցելով տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 1-ը:
Եվրոպական հանձնաժողովը եւ վերջինիս «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը մշակութային ժառանգության կոնսերվացիայի ոլորտային նախագծերին հրավիրում են դիմելու մշակութային ժառանգության բնագավառում եվրոպական ամենահեղինակավոր՝ 2024 թվականի «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությանը:
Այս տարի մրցանակներ կշնորհվեն հինգ անվանակարգերում՝ «Կոնսերվացիա եւ հարմարվողական վերօգտագործում», «Հետազոտություն», «Կրթություն, վերապատրաստում եւ հմտությունների փոխանցում», «Քաղաքացիների ներգրավվածություն եւ իրազեկման բարձրացում», «Ժառանգության չեմպիոններ»:
Հայտերը կարող են առնչություն ունենալ նյութական, ոչ նյութական կամ թվային ժառանգությանը՝ փոքրից մինչեւ մեծ, տեղականից մինչեւ եվրոպական եւ միջազգային:
Պարգեւների կարժանանան ժառանգության մինչեւ 30 ուշագրավ նվաճումներ ամբողջ Եվրոպայից։ Դրանցից մինչեւ 5-ը կստանան 10,000 եվրոյի չափով «Գրան պրի» մրցանակ: Մեկ հաղթող էլ առցանց քվեարկության արդյունքում կարժանանա «Հանրային ընտրության» մրցանակի:
Եվրոպական ժառանգության / «Եվրոպա Նոստրա» մրցանակների համար հայտեր կարող են ներկայացվել միայն «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրներից, ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան։
Եվրոպայի խորհրդի անդամ, բայց «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին չմասնակցող երկրների (Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա) կողմից ներկայացված հայտերը կարող են մասնակցել միայն «Եվրոպա Նոստրա» մրցույթին, բայց դրանք իրավունք չեն ունենա շահել «Գրան պրի» մրցանակը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ. հոկտեմբերի 13-ն է:
«Եվրոպա Նոստրա»-ն ստորեւ նշված ամսաթվերին կանցկացնի երկու վեբինար՝ «Ինչպես պատրաստել հայտ 2024 թվականի Եվրոպական ժառանգության մրցանակի / «Եվրոպա Նոստրա» մրցանակի համար» թեմայով (նույնպիսի խորագրով եւ բովանդակությամբ).
Վեբինարներին մասնակցությունն անվճար է, սակայն գրանցումը պարտադիր է:
Եվրոպական համերաշխության կորպուս. կամավորության հնարավորություն Լիտվայում
Լիտվական «Inovatorių slėnis» ՀԿ-ն հրավիրում է կամավորների Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից՝ մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում հինգշաբաթյա կամավորական գործողությանը:
Այս կարճաժամկետ կամավորության հնարավորությունը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական համերաշխության կորպուս» նախաձեռնության շրջանակներում։
Գործողության նպատակն է Լիտվայի Զարասայի շրջանի Անտալիեպտե փոքրիկ գյուղ բերել մի խումբ կամավորների, որոնք կօգնեն տեղական համայնքին (ծերերին ու աղքատներին):
Կամավորները կապրեն ամբողջությամբ կահավորված համատեղ աշխատանքային եւ բնակության տարածքում՝ խոհանոցով եւ երկու-երեք մահճակալով կահավորված սենյակներքւմ: Շենքը հագեցած է նաեւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց ընդունելու համար։ Ճանապարհորդության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա հրավիրող կողմը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 20-ը:
Եվրոպական հանձնաժողովի կողմից համաֆինանսավորվող «Մշակույթի եվրոպական տարածքներ» (European Spaces of Culture) նախաձեռնությունը փնտրում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ մշակութային համագործակցության թարմ նորարարական գաղափարներ՝ ԵՄ մշակույթի ազգային ինստիտուտների (EUNIC), ԵՄ–ի եւ նրանիդ դուրս գործող տեղական գործընկերների ներգրավմամբ։
Կանչի նպատակն է գտնել մշակութային հարաբերությունների ոլորտում նոր նախագծերի գաղափարներ, որոնք կարող են նպաստել միջազգային մշակութային հարաբերությունների ոլորտում ԵՄ քաղաքականության զարգացմանը:
Բոլոր նախագծային առաջարկները պետք է ներկայացվեն գործընկերների թիմի կողմից, որը պետք է ներառի EUNIC-ի առնվազն երեք անդամ եւ երեք տեղական գործընկեր, ԵՄ պատվիրակություններն էլ պետք է ակտիվորեն ներգրավված լինեն նախագծում:
Բոլոր առաջարկվող նախագծերը պետք է իրականացվեն 2024 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Առաջարկվող դրամաշնորհի չափը կազմում է մինչեւ 60,000 եվրո յուրաքանչյուր նախագծային առաջարկի համար: Գործընկերների կամ որեւէ երրորդ կողմի համաֆինանսավորում չի պահանջվում, բայց խիստ խրախուսվում է:
Նախագծային գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 17-ը: Վերջնական պլանները պետք է ներկայացվեն 2024 թվականի ապրիլին:
Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է բուհերին մասնակցելու «Թարգմանչական գործի եվրոպական մագիստրատուրա» (EMT) ցանցին միանալու համար իր 5-րդ հայտամրցույթին։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համալսարանները:
Համալսարաններն իրավասու են դիմել, եթե իրենց ուսումնական ծրագրերը համապատասխանում են EMT-ի որակի չափանիշներին: Դրանցից մեկն այն է, որ համալսարանի պաշտոնապես ճանաչված «Թարգմանչական գործ» մագիստրոսական ծրագիրը դիմելու պահին ունի շրջանավարտների առնվազն երկու խումբ։
EMT ցանցին անդամակցությունն ուժի մեջ կմտնի ընտրության որոշման հրապարակման օրվանից եւ կգործի հինգ տարի (2024-2029 թթ.):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 15-ը։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։