Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել Վրաստանի Իմերեթիի մարզի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտի նկատմամբ համադպրոցականների կողմից ենթադրյալ հարկադրանքի փաստով։ Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով, որը ենթադրում է հարկադրանք։
Խոսքը սոցցանցերում տարածված նամակի մասին է, որտեղ 9-րդ դասարանի աշակերտին համադպրոցականները ստիպում են վնասել ինքն իրեն, իսկ հակադրվելու դեպքում՝ սպառնում են: Դեպքի մասին սոցիալական ցանցերում գրել է քաղաքացիներից մեկը՝ տեղադրելով համադպորցականների կողմից դպրոցականին ուղարկված նամակի լուսանկարը և կտրող սուր առարկան, որով աշակերտին պարտադրում են վնասել ինքն իրեն՝ նամակում նշելով վնասվելու ուղիները:
Հոգեբան Մաիա Ցիրամուան սոցիալական ցանցերում արձագանքել է տեղի ունեցածին: Ցիրամուան կենտրոնանում է այն փաստի վրա, որ օգնության կարիք ունի ոչ միայն նամակի հասցեատերը, այլ նաև դրա հեղինակը:
Միջադեպի առնչությամբ ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Վրաստանի կրթության նախարարությունը (ԿԳՆ)։ Կրթական գերատեսչության փոխանցմամբ՝ փաստը հրապարակվելուն պես, Վրաստանի ԿԳՆ-ի բոլոր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները, ներառյալ Պարտադիր ծառայության հոգեսոցիալական սպասարկման կենտրոնը և հոգեբաններն արդեն աշխատում են ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների հետ.
«Նախարարության ներքին աուդիտն արդեն սկսել է ուսումնասիրել դպրոցի տնօրենի կամ տնօրինության այլ ներկայացուցիչների կողմից հնարավոր խախտման փաստերը»,- հայտնել են ԿԳՆ-ից։ aliq.ge