Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում կներառվեն խիստ կարգավորումներ։
Փոփոխությունների համաձայն, բողոքի ակցիաների ժամանակ վրանների և ժամանակավոր կառույցների ստեղծումը կարգելվի, եթե դրանց կազմակերպումը վտանգ է ներկայացնում հավաքի կամ ցույցի մասնակիցների կամ այլ անձանց համար, խոչընդոտում է ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության պաշտպանությանը, կխաթարի ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը:
Անհնազանդության դեպքում տուգանքը կկազմի 500 լարի կամ՝ մինչև 15 օր ազատազրկում։ Օրենքի նախագծում հեղինակները նշել են, որ, եթե պարզվի, որ կազմակերպիչն է խախտում օրենքը, ապա կպատժվի 5 000 լարիով կամ՝ 15-օրյա ազատազրկմամբ:
Ըստ օրինագծի պարզաբանման՝ կանոնակարգերի խստացման պատճառը պետական անվտանգության ծառայության սեպտեմբերի 18-ին արված հայտարարությունն է, ըստ որի՝ որոշակի խմբեր «հոկտեմբեր-դեկտեմբերին ծրագրում են ապակայունացնել Վրաստանը և կառուցել այսպես կոչված վրանային քաղաք»: aliq.ge