Ինչո՞ւ են Ջավախքում աղքատ ընտանիքները քիչ

Ինչո՞ւ են Ջավախքում աղքատ ընտանիքները քիչ

Պաշտոնապես այս տարի Վրաստանում աղքատ ընտանիքների թիվը նվազել է, իսկ Ջավախքում Վրաստանի մյուս շրջանների համեմատ, ավելի քիչ են աղքատ ընտանիքները, համընդհանուր պատճառներից բացի, տարածաշրջանը, որտեղ էթնիկ հայերը կոմպակտ են բնակվում, ունի նաև իրեն հատուկ պատճառները։ Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը

Նպատակային սոցիալական աջակցության պետական ​​ծրագիրն ուղղված է աղքատության շեմից ցածր գտնվող բնակիչներին օգնելուն։ Ծրագրով տրամադրվող դրամական օգնությունը հատկացվում է վարկանիշային միավորի հիման վրա։ Սակայն այս օգնությունն այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն ​​պատճառով գտնվում են աղքատության շեմից ցածր, հաճախ բավարար չէ նույնիսկ սննդամթերքի օրական նվազագույնը գնելու համար։

Սոցիալական ծառայությունների գործակալության վիճակագրության համաձայն՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, ըստ կենսապահովման նվազագույնի նպաստ ստացող ընտանիքների թիվը փոքր է։ 2023 թվականի մայիսի դրությամբ Ախալքալաքում սոցիալական նպաստ է ստացել միայն 763 սոցիալապես անապահով ընտանիք, մինչդեռ Նինոծմինդայում այս թիվը կազմում է 446 ընտանիք։

«Երիտասարդությունը հանուն ժողովրդավարական փոփոխությունների» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Թարզյանի, ով այս հարցն ուսումնասիրել է և՛ Ախալքալաքում, և՛ Նինոծմինդայում, իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, որքան ցույց են տալիս պետության կողմից ներկայացված թվերը։

«Ըստ վիճակագրության՝ Ախալքալաքի մունիցիպալիտետն ունի ամենացածր ցուցանիշները, մոտավորապես 2023 թվականի մայիսի դրությամբ Ախալքալաքի ընդհանուր բնակչության միայն 8,1%-ն է ստացել սոցիալական նպաստ, մինչդեռ Նինոծմինդայում այդ ցուցանիշը կազմել է 16,9%։ Պատճառները, ըստ իմ հետազոտության, մի քանիսն են, այդ պատճառներից մեկն այն է, որ բնակչության շրջանում առկա է մատչելի լեզվով տեղեկատվության պակաս, երկրորդ պատճառը քաղաքացիության կորստի խնդիրն է, նրանց ասում են, որ եթե քաղաքացիություն չունես, ուրեմն իրավունք չունես օգնություն ստանալու, թեև վրացական օրենսդրության համաձայն, եթե դու «այլ երկրի քաղաքացի ես և ապրում ես կացության թույլտվությամբ, ապա իրավունք ունես սոցիալական նպաստ ստանալու: Երրորդ պատճառը հողն է, բնակիչներն ունեն հողատարածք 70 հարից մինչև 1 հեկտար 25 հար, ինչը Սոցիալական ծառայությունն ընդունում է որպես մերժման պատճառ»,- ասում է Տիգրան Թարզյանը։

Ջավախքի բնակչությունն առաջին հայացքից առանձնապես պետության օգնության հույս չունի և փորձում է ինքնուրույն լուծել գործազրկության հետ կապված խնդիրները, այսինքն՝ բնակչության մի մասը զբաղվում է հողագործությամբ, մյուս մասը՝ անասնապահությամբ, զգալի մասը մեկնում է այլ երկրներ՝ աշխատելու (խոպան): Սակայն, ըստ Տիգրան Թարզյանի, իրականում կարիքավորներն ավելի շատ են, քան թվում է առաջին հայացքից և քան ներկայացված է սոցիալական վիճակագրության մեջ։

«Այսօրվա պայմաններում ռուբլու փոխարժեքն այնքան ցածր է, որ 5 տարի առաջվա համեմատ, այն ժամանակ վաստակածը շատ ավելին էր, քան հիմա, թեև ռուբլով գումարը նույնն է: Եթե իրապես նայենք գյուղերի վիճակին և համեմատենք սոցիալական ծառայությունների վիճակագրությունը, դրանք իրականությանը չեն համապատասխանում, և այս իրավիճակը կախված չէ բնակչության գումար վաստակելու ցանկությունից, քանի որ մեր բնակչությունն աշխատասեր է, նրանք փորձում են աշխատել և լավ պայմաններ ապահովել իրենց ընտանիքների համար»,- ասում է նա:

Տիգրան Թարզյանը կարծում է, որ պետք է վերանայել պետական ​​քաղաքականությունը, այդ թվում՝ ինչպես է պետությունը բաշխում վարկանիշային միավորները։