Բոլոր բանախոսները քննադատել են Իլհամ Ալիեւի ռեժիմի գործողությունները։
Միևնույն ժամանակ նրանք դատապարտել են Եվրամիության ղեկավարներին, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ով Ալիևին անվանել է «վստահելի գործընկեր», քանի որ Եվրամիությունը գազային գործարք է կնքել Ադրբեջանի հետ։
Բանախոսները նշել են, որ իրենք բազմիցս զգուշացրել են Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի մասին։ Նրանցից շատերն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ։
«Մենք հայերին զոհաբերեցինք հանուն ռեալպոլիտիկի: Անհրաժեշտ է սառեցնել Բաքվի հետ պայմանագրերը եւ պատժամիջոցներ կիրառել»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն։
Մարինա Կալյուրանդը կոչ է արել պահանջներ ներկայացնել Ալիևին. «Այն, ինչ արել է Բաքուն, էթնիկ զտում է, Հայաստանին պետք է օգնել, և ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի Հայաստանում և աշխատի նաև Ադրբեջանում»:
Բազմաթիվ բանախոսներ նաև ասել են, որ Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար առաջարկել, մասնավորապես՝ վիզաների հարցը լուծելու համար։