Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը:
Հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է․
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը։
Նրանք նաեւ իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։
Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, որը բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետեւանքներին։
Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ եւ բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որեւէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո եւ իրենց պատմության, մշակույթի եւ մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։
Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ եւ Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։
Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաեւ հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու եւ հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։
Նրանք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության եւ բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բացման կոչ են արել։
Նրանք նաեւ երկրների ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել։ Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին եւ համագործակցել անհայտ կորածների ճակատագրին լուծում տալու եւ ականազերծման աշխատանքները հեշտացնելու ուղղությամբ»։ jnews.ge