Հայտնի է Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթի օրը

Հայտնի է Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթի օրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Հայաստանի վարչապետին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստում։ Նա դա կանի հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում», – ասել է նա Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։

Մեցոլան հիշեցրել է, որ հոկտեմբերի 5-ին Եվրոպական խորհրդարանում ընդունվել է շատ խիստ ձևակերպումներով բանաձև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։

«Այս պահին մենք կկենտրոնանանք հումանիտար ճգնաժամի վրա, այլ կերպ ասած՝ ինչպես օգնել Հայաստանին ընդունել փախստականներին՝ տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք մի քանի ժամվա ընթացքում թողել են իրենց կյանքը, որովհետև ստիպված էին փախչել։ Բայց ես նաև ողջունում եմ ապաէսկալացման բոլոր ջանքերը», – նշել է նա։

ԵԽ ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների պատասխանատվություն ստանձնած Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ հետագա հանդիպումները կհանգեցնեն ավելի կոնկրետ արդյունքների։ shantnews.am