Վրաստանի արևելյան Լամբալո գյուղում 14-ամյա աղջիկ է մահացել. նրան սպանել է տղամարդը, ում հետ նա ապրել է չգրանցված ամուսնության պայմաններում։
IPN-ի փոխանցմամբ՝ տղամարդը մի քանի ամիս առաջ աղջկան որպես կին բերել է իր տուն։ Սպանությունը տեղի է ունեցել հարազատների հարսանիքի ժամանակ։
ՆԳՆ-ում հետաքննվում է ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանության դեպքը։ Մեղադրյալին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։
Վրաստանի հանրային պաշտպանն ասել է, որ ցնցող են և՛ սպանությունը, և՛ մանկության տարիներին հարկադիր ամուսնության փաստը։
Լևան Իոսելիանին պետությունից պահանջել է ուժեղացնել իր ջանքերը՝ կանխելու վաղ ամուսնությունների և ֆեմիցիդների դեպքերը. տեղի ունեցողը ցույց է տալիս, որ ջանքերն անբավարար են։
Այս գյուղը սկանդալի կենտրոնում էր հայտնվել 2014թ.-ին, երբ բնակիչներից մեկն ինքնասպան եղավ «ամոթից» հետո, որը ամուսնու հարազատները բեմադրել էին նրա «ոչ պատշաճ պահվածքի համար»։ Ջեյրանովային ստիպել են ոտաբոբիկ քայլել ամբողջ գյուղով, հրապարակավ ծաղրել ու քարեր նետել նրա վրա։ Ամուսինը փորձել է պաշտպանել կնոջը և վիրավորել «ժողովրդական դատարանի» կազմակերպիչներից մեկին, ինչի համար նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, բայց հետո նախագահի կողմից ներում է շնորհվել։ Դատարանը կնոջ հետապնդման կազմակերպիչների համար վճիռ կայացրեց միայն ինը տարի անց՝ այս տարվա հունվարին։