Հնդկաստանի հյուսիս-արևելյան Սիկկիմի նահանգում առնվազն 82 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով, ավելի քան 140-ը համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Սիկկիմի նահանգի Աղետների կառավարման պետական մարմնի տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 25 հազար մարդ, գրեթե 7 հազարը տեղափոխվել է անվտանգ վայրեր և տեղավորվել օգնության ժամանակավոր ճամբարներում։ Վնասվել է ավելի քան 1200 տուն։ Քանդվել են մեկ տասնյակից ավելի կամուրջներ, հեղեղվել են ճանապարհներ, որոշ շրջաններում բացակայում է հեռախոսային կապը։
Սիկկիմում հեղեղումն առաջացել է հորդառատ անձրևների և ավելի քան 5000 մ բարձրության վրա գտնվող Հարավային Լհոնակ սառցադաշտային լճի մակարդակի բարձրացման հետևանքով: Փորձագետների կարծիքով` դրա ջրի ծավալի երկու երրորդը Թիստա գետով հոսել-հասել է Սիկկիմի ամենամեծ հիդրոէներգետիկ նախագծի՝ Թիստա-III-ի ամբարտակ: Իրավիճակը սրվել է այս հիդրոէլեկտրակայանից ջրի բացթողմամբ։
Լեռնային շրջանների համալիր զարգացման միջազգային կենտրոնի կողմից ավելի վաղ հրապարակված զեկույցի համաձայն՝ 2011-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում կլիմայի փոփոխության պատճառով Հիմալայներում սառցադաշտերը հալվել են 65%-ով ավելի արագ, քան նախորդ տասնամյակում: 1in.am