Անօթևան շների համար բուծարան կկառուցվի

Անօթևան շների համար բուծարան կկառուցվի

Անօթևան շների խնդիրն արդիական է ոչ միայն Ախալքալաքում, այլև տարածաշրջանում և ամբողջ երկրում։ Հաջորդ տարի Սամցխե-Ջավախքում 60 շան համար բուծարան կկառուցվի, սակայն պարզ չէ, թե որքանով դա կլուծի Ախալքալաքում թափառող շների խնդիրը։

Վաղ առավոտյան Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում մեքենան վրաերթի էր ենթարկել մի շան ձագի, տեսարանը բնավ թույլ սրտի տեր մարդկանց համար չէր։ Բնակիչները ստիպված էին այս տեսարանի ականատեսը լինել 3 օր շարունակ։ Քանի որ գլխավոր ճանապարհը սպասարկող ընկերությունը հարկ չի համարում մաքրել ճանապարհը։

Տվյալ ճանապարհին, և ընդհանրապես, ամբողջ քաղաքում նման դեպքեր հաճախ են լինում։ Քանի որ այսօր Վրաստանում անօթևան շների նկատմամբ հոգատարությունն ու մարդասիրությունն արտահայտվում է միայն այն նվազագույն գումարներով, որոնք մունիցիպալ իշխանությունները հատկացնում են այդ կենդանիներին բռնելու և ստերջացնելու համար։

Եթե մի կողմից խեղճ կենդանիներն են, որոնք գոյատևում են այնպես, ինչպես կարող են, ապա մյուս կողմից՝ բնակիչներն են, կանայք, ծերերը, երեխաները, որոնք այս տարի հաճախ են ենթարկվել թափառող շների հարձակմանը։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից մինչ օրս Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնում (ՀԱԿ) գրանցվել է 121 հարձակում (կծոցներով) Ախալքալաքի բնակիչների վրա։ Ախալքալաքի ՀԱԿ-ը հայտնել է, որ հարձակման ենթարկվածների մեջ կատաղության վիրուս չի հայտնաբերվել։

Վերջերս տեղի հասարակական կազմակերպությունների առաջարկով Ախալքալաքի տեղական իշխանությունները համապատասխան նամակ էին ուղարկել Սամցխե-Ջավախքի շրջանի պետական հանձնակատարի վարչակազմին՝ թափառող շների խնդիրը հետագա համատեղ լուծելու նպատակով։ Այնտեղից Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն պատասխան է ստացել, որ այս հարցով արդեն զբաղվում են։

Jnews-ը կապ է հաստատել Սամցխե-Ջավախքի շրջանի Պետական հանձնակատարի վարչակազմի հետ, որտեղ նրանք հաստատել են տվյալ պատասխանը։ Ինչպես մեզ հետ զրույցում ասացին, թափառող շների համար բուծարան է կառուցվելու։

«Հաջորդ տարի մրցույթ կհայտարարվի: Նախագծի արժեքը մոտ 2 մլն լարի է: Միաժամանակ 60 շուն կարելի է պահել բուծարանում, սակայն շներին այնտեղ մշտապես չեն պահի: Կենդանիների պաշտպանները դեմ են, որ լինի ապաստարան, այսինքն՝ պետք է մենք վիրահատենք (ստերջացնենք), բուժենք, հետո բաց թողնենք: Այսինքն՝ նույնը, ինչ արվում է այս պահին, բայց մեր շրջանում: Դա կլինի նույնպիսի նախագիծ, ինչ Գորիում»,- մեզ պատասխանեցին Սամցխե-Ջավախքի շրջանի պետական հանձնակատարի վարչակազմից:

Արդեն մի քանի տարի Ախալքալաքում գումար է հատկացվում բուժելուց հետո վերադարձվող շներին բռնելու և ստերջացնելու համար, բայց տարեկան ստերջացված 100-200 շունը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի լուծմանը։ Իրավիճակը կփոխվի՞ շրջանում բուծարանի հայտնվելով, դեռ հարցականի տակ է։