Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին Վրաստանի արեւելքում գտնվող Լագոդեխում հավաքվել էին ավելի քան հարյուր երիտասարդներ՝ մասնակցելու «Մարդիկ եւ մոլորակը» փառատոնին, որը նվիրված էր մարդու իրավունքներին, հավասարությանը, ներառականությանը, կլիմայապես խելացի զարգացմանը եւ Վրաստանի եվրոպական ձգտումներին:
Այս փառատոնը կազմակերպել էին Եվրոպական միությունը (ԵՄ) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Լագոդեխի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Փառատոնն ի ցույց է դրել Եվրոպական միության կողմից Վրաստանին եւ նրա քաղաքացիներին ցուցաբերվող զգալի աջակցությունը՝ հատկանշելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի հետ համատեղ նախաձեռնված մի քանի դրոշակակիր նախաձեռնություններ։
Փառատոնի շրջանակներում անցկացվել են նաեւ մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում՝ բացօթյա խաղեր, երիտասարդ արվեստագետների համար նախատեսված լուսանկարչական աշխատաժողով, ինչպես նաեւ ԵՄ աջակցությամբ կազմակերպված «Զրույցներ մարդու իրավունքների մասին» շարքի եւս մեկ հանդիպում, որն այս անգամ նվիրված էր կրթության իրավունքին:
Բացի այդ, Լագոդեխիի ժողովրդական թատրոնը ներկայացրել է «Ինչպես կարող են վիրավորել բառերը» կրթական տիկնիկային ներկայացման պրեմիերան, որը նորովի եւ զվարճալի եղանակով բացատրում է տվյալների գաղտնիությունն ու թվային անվտանգությունը։
Փառատոնը եզրափակվեց Բոչիա խաղով՝ պարալիմպիկ մի մարզաձեւով, որը խաղացին Լագոդեխ եւ Սիղնախ համայնքներից հաշմանդամություն ունեցող մարզիկները։
Հոկտեմբերի 6-ին Եվրոպական միությունը խիստ անհանգստություն է հայտնել Վրաստանից անջատված Աբխազիայում իր Սեւծովյան նավատորմի համար մշտական ռազմածովային բազա ստեղծելու Ռուսաստանի հաղորդած ծրագրերի կապակցությամբ:
ԵՄ-ն հայտարարել է, որ Վրաստանի անջատված շրջաններում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունն անօրինական է։ Այն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքները եւ Ռուսաստանի կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագիրն ու վերջինիս իրականացման միջոցառումների մասին 2008 թվականի սեպտեմբերի 8-ին ստորագրված փաստաթուղթը:
«Եթե Ռուսաստանը շարունակի աշխատել հաղորդված ծրագրերի ուղղությամբ, դա կհանգեցնի տարածաշրջանում լարվածության եւ կայունության համար սպառնալիքների ուժգնացմանը», – ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
Եվրոպական միությունը նաեւ վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագիրը հոկտեմբերի 5-ին եւ 6-ին Ծինանդալիում (Վրաստան) կազմակերպել էր «EU4Culture քաղաքների ցանց»-ը պաշտոնականացնող Երրորդ տարածաշրջանային ցանցային համաժողովը։ Ցանցը միավորում է 14 ոչ մայրաքաղաքային քաղաքներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Մոլդովայից եւ Ուկրաինայից։
EU4Culture-ի շրջանակներում այս 14 քաղաքները մշակել են «Եվրոպական մշակութային մայրաքաղաքներ» մոտեցմանը համահունչ մշակութային ռազմավարություններ, ընդ որում նրանցից ութը ստացել են մինչեւ 300,000 եվրո դրամաշնորհ՝ իրենց ծրագրած գործողությունների իրականացման համար: Ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ոչ մայրաքաղաքային քաղաքների միջեւ համագործակցությունը խրախուսում է «EU4Culture քաղաքների ցանց»-ի միջոցով, որը հետագայում ամրագրվում է ամենամյա ցանցային համաժողովների միջոցով:
Համաժողովին մասնակցել են քաղաքապետեր եւ քաղաքների այլ ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ ու միջազգային փորձագետներ: Նրանք փոխանակվեցին ցանցի զարգացման վերաբերյալ կարծիքներով եւ ուսումնասիրեցին համագործակցության հնարավորությունները:
Քաղաքները նաեւ ներկայացրել են իրենց առաջընթացը, կիսվել մշակութային ռազմավարության իրականացման ընթացքում քաղված դասերով եւ գործնական փորձով:
Համաժողովում ներկայացվել են նաեւ «EU4Culture» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար ընտրված մշակութային նախագծերը: Դրանք կիրականացվեն Արեւելյան գործընկերության երկրների ոչ մայրաքաղաքային քաղաքներում:
Համաժողովի երկրորդ օրը նվիրված էր զբոսաշրջության միջոցով կայուն տնտեսական աճի խթանման գործում մշակութային քաղաքականության դերին:
«Կայուն մշակութային զբոսաշրջությունը հզոր գործիք եւ քաղաքականություն է, որը թույլ է տալիս ընդլայնել մշակույթի ներուժը՝ տնտեսական աճը խթանելու եւ տեղական համայնքների բարեկեցությունը բարձրացնելու նպատակով։ Մշակութային զարգացման ԵՄ տեսլականն արձագանք է գտնում EU4Culture-ի նման նախագծերի միջոցով, որոնք խթանում են տարածաշրջանային համագործակցությունը եւ բացահայտում մեր բազմազան մշակույթների փոխակերպող տնտեսական եւ սոցիալական ներուժը»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) ներառական հասարակությունների թիմի ղեկավար Քրիստոֆ Մասսոնը։
«EU4Culture»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն աջակցում է մշակույթի՝ որպես Արեւելյան գործընկերության երկրների սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժի դերին։ Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:
Արեւելյան գործընկերության երկրների քաղաքապետերը հավաքվել են Բաթումում՝ քննարկելու ապագայի քաղաքները
Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունը (DG NEAR) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ու այլ գործընկերներ հոկտեմբերի 4-ին եւ 5-ին Վրաստանի Բաթում քաղաքում կազմակերպել էին քաղաքային ֆորում՝ Արեւելյան գործընկերության քաղաքների ավելի քան 200 ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Ապագայի քաղաքներ» (Future-Fit Cities) խորագիրը կրող ֆորումը կենտրոնացած էր կանաչ, ներառական եւ դիմակայուն քաղաքներ կառուցելու միջոցով քաղաքային համալիր խնդիրների լուծման վրա, ընդ որում՝ այդ քաղաքները պետք է ունակ լինեն օգտագործել պետական-մասնավոր ֆինանսները՝ խթանելու աճն ու նորարարությունները:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում՝ առաջնորդության մարտահրավերներին եւ ֆինանսական կայունությանը: Մասնակիցները, ներառյալ Արեւելյան գործընկերության քաղաքապետերը, հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքները եւ ընդլայնել իրենց գործընկերային ցանցը «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրային համայնքի շրջանակում եւ դրանից դուրս։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ստամբուլի տարածաշրջանային կենտրոնի Գիտելիքի եւ նորարարությունների թիմի ղեկավար Լեյլա Սադիկուն, դիմելով ֆորումի մասնակիցներին, ասաց, որ քաղաքները գլոբալ բարգավաճման շարժիչ ուժն են, բայց նաեւ կրում են ռեսուրսների սպառման 75%-ի եւ ջերմոցային գազերի արտանետման 60-80%-ի պատասխանատվությունը:
«ՀՀՏԶ» ծրագիրը հիմնված է 2017 թվականին մեկնարկած եւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական աճի» նախաձեռնության վրա: 2021 թվականից ԵՄ կողմից ֆինանսավորվող «ՀՀՏԶ» ծրագիրը կառավարվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ԵՄ-ի, տեղական իշխանությունների եւ մի շարք գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
Սեպտեմբերի 29-ին Վրաստանի սահմանային ոստիկանությունը ստացել է 790,000 եվրո ընդհանուր արժողությամբ տասը բեռնատար, որոնց ձեռք բերումը հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսավորման եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ջանքերի շնորհիվ։
Այս կարճ անիվի բազայով բեռնատարները, որոնք ունակ են մուտք գործել ծայրահեղ խորդուբորդ տեղանքով տարածքներ, կաջակցեն Սահմանային ոստիկանությանը հեռավոր սահմանային ստորաբաժանումներում եւ հատվածներում ծառայություն իրականացնող սահմանապահների համար մատակարարումներ կատարելու հարցում։
Մեքենաները հանձնվել են ԵՄ դիմակայունության ծրագրի ներքո 2022 թվականին մեկնարկած «Սահմանների եւ միգրացիայի կառավարման գործողություն Վրաստանի համար (BMMAG)» ծրագրի շրջանակներում։ Այս գործողությունը նպատակ ունի աջակցել Վրաստանի կառավարությանը սահմանների ավելի արդյունավետ կառավարման եւ միգրացիայի կառավարման գործում:
Վրաստանում գործող 15 լրատվամիջոցների քսանհինգ լրագրողներ անցել են բարձր ռիսկային միջավայրերում աշխատելու թեմայով վերապատրաստում, որն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4IM» (EU4 Independent Media) ծրագրի կողմից:
Վերապատրաստման նպատակն էր լրագրողներին զինել գործնական հմտություններով եւ կարողություններով (ներառյալ սթրեսի կառավարման տեխնիկան եւ առաջին օգնությունը), որոնք կօգնեն նրանց նվազեցնել ռիսկերը բողոքի ակցիաները եւ անկարգությունները լուսաբանելիս: Այն նաեւ փոխանցում է թվային անվտանգության կառավարման հմտություններ բարձր ռիսկային միջավայրում աշխատելիս:
Վերապատրաստման շրջանակներում, օգտագործելով վիրտուալ իրականության ակնոցներ՝ մասնակիցները կարողացան կիրառել դրա ընթացքում սովորած հմտությունները՝ աշխատելով սիմուլացված անկարգությունների կամ այլ թշնամական միջավայրերում:
ՎԶԵԲ-ը մեկնարկել է իր 2024 թվականի գրականության մրցանակի համար հայտերի ընդունումը
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է 2024 թվականի ՎԶԵԲ գրականության մրցանակի համար հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Մրցանակը շնորհվում է գեղարվեստական ստեղծագործությանը, որն ի սկզբանե տպագրվել է Բանկի գործունեության երկրներից մեկի (այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրների) լեզվով, թարգմանվել է անգլերեն եւ վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հրատարակվել է եվրոպական (այդ թվում՝ բրիտանական) կամ հյուսիսամերիկյան հրատարակչի կողմից (վերջինը նորամուծություն է 2024 թվականի համար)։
2024 թվականի մարտին Ժյուրին կկազմի կարճ ցուցակ, այնուհետեւ կորոշի եզրափակիչ փուլ անցած երեք մասնակիցներին: Հաղթողի անունը կհայտարարվի 2024 թվականի հունիսին Բանկի գլխավոր գրասենյակում՝ Լոնդոնում կայանալիք մրցանակների հանձնման արարողության եւ ընդունելության ժամանակ:
20,000 եվրոյի չափով առաջին մրցանակը հավասարապես կբաշխվի հաղթող հեղինակի ու թարգմանչի միջեւ: Եզրափակիչ փուլ անցած մյուս երկու գրքերը կստանան 4,000-ական եվրո մրցանակ, որը նույնպես հավասարապես կբաշխվի հեղինակների ու թարգմանիչների միջեւ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 30-ը։
ՎԶԵԲ-ի 2022 թվականի գրականության մրցանակը շնորհվել է ուկրաինացի ճանաչված արձակագիր եւ բանաստեղծ Սերգիյ Ժադանի հեղինակած «Որբանոցը» գրքին։
Այս տարի եզրափակիչ փուլ անցած տասը թեկնածուների թվում հայտնվել է ուկրաինացի գրող Վոլոդիմիր Ռաֆեյենկոն՝ իր «Մոնդեգրին» գրքով։
«Culture Moves Europe» ծրագիրն ընդունում է հայտեր արվեստի եւ մշակույթի գործիչների անհատական շարժունակությանն ուղղված ճամփորդական դրամաշնորհների երկրորդ մրցույթի շրջանակներում։ Մրցույթը բաց է ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից 40 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից դիմորդների համար։
Թեկնածուն պետք է լինի առնվազն 18 տարեկան եւ ակտիվ ստեղծագործական կամ մասնագիտական գործունեություն ծավալի ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի, նորաձեւության դիզայնի, գրականության, երաժշտության, վիզուալ արվեստի եւ կատարողական արվեստի ոլորտներում։
Դիմորդը պետք է ունենա նաեւ միջազգային գործընկեր, ում հետ նա կաշխատի մշակութային նախագծի վրա:
Ուկրաինայում օրինական հիմունքներով բնակվող արվեստագետները կունենան վիրտուալ շարժունակության դրամաշնորհի համար ուղղակիորեն դիմելու բացառիկ հնարավորություն։
Ծրագիրը միջոցներ է նախատեսում ճանապարհորդության եւ կեցության ծախսերի համար, ինչպես նաեւ տրամադրում է մի շարք այլ արտոնություններ: Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը հաշվարկվում է անհատական հիմունքներով:
Հայտերի ընդունման այս երկրորդ փուլը բաց կլինի մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ը: Այս ընթացքում «Culture Moves Europe» ծրագիրը պարբերաբար մրցույթներ կհայտարարի՝ հայտերի ընդունման ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա վերջում իրականացնելով ստացված հայտերի գնահատում։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։