Օրոջալար գյուղից 21-ամյա մարզիկ Ժորա Պալյանը, ով սովորում է Երևանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետի չորրորդ կուրսում, մասնակցել է Տոկիոյում ընթացող Շինկյոկուշինկայ կարատեի աշխարհի առաջնությանը։
Օրերս Ժորա Պալյանը Տոկիոյում մասնակցել է Շինկյոկուշինկայ կարատեի աշխարհի 13-րդ առաջնությանը, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ և չունի քաշային կարգեր։
Այս մրցաշարին մասնակցում էին 60 երկրների 132 մարզիկներ, որոնցից միայն մեկը պետք է դառնար չեմպիոն։
Ժորա Պալյանի խոսքով` շատ դժվար էր, առաջին անգամ էր մասնակցում նման մասշտաբային առաջնության, ինչը մեծ նշանակություն ունի.
«Ուրախ և շնորհակալ եմ իմ մարզիչներին և հովանավորներին, ովքեր օգնեցին ինձ մասնակցել այս առաջնությանը։ Ես շատ եմ սիրում այս սպորտաձևը և չեմ ափսոսում իմ ընտրության համար»։
Այժմ Ժորա Պալյանը շարունակում է զարգանալ որպես մարզիկ և հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում։ Բացի այդ, նա պատրաստվում է քննություն հանձնել կարատեի որակավորման բարձրագույն մակարդակի՝ 1-ին դան սև գոտու համար։
Ժորան դրանով չի սահմանափակվում և ծրագրում է չորս տարի անց վերադառնալ աշխարհի առաջնություն՝ կրկին ուժերը փորձարկելու համար։
Նշենք, որ Ժորան 13 տարեկանում սկսել է կարատե պարապել Նինոծմինդա քաղաքում փորձառու մարզիչ Սամվել Դարբինյանի մոտ։ Համալսարան ընդունվելուց հետո Հայաստանում Արմեն Քսպոյանի ղեկավարությամբ շարունակել է զարգանալ կարատեի ասպարեզում։ Ժորան շնորհակալություն է հայտնում համագյուղացիներին ֆինանսական աջակցության համար, մասնավորապես՝ Միշա Քեյանին և Սամվել Մարաբյանին, ովքեր օգնել են իրականացնել աշխարհի առաջնությանը մասնակցելու երազանքը։