Երեկ՝ մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, Ախալքալաքում կայացավ «Ղամիս շոու» խմբի համերգը։ Համերգն անցկացվեց Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում։
Համերգը սկսվեց 17:00-ին և ավարտվեց 19:00-ին։ Դրանից հետո տեղի ունեցավ տոնական հրավառություն։
Զբոսայգին այս անգամ զարդարված չէր, ինչպես մյուս տոներին, սակայն երիտասարդները զվարճացան ու պարեցին՝ ձայնակցելով երաժիշտներին։ Երեխաների համար վաճառվում էր փոփ-քորն, փուչիկներ, զովացուցիչ ըմպելիքներ և այլ համեղություններ։
Համերգին ներկա էին նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչները՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Ղամիս շոու» (ღამის შოუ) խումբը, որի ելույթը պետք է կայանար սեպտեմբերի 9-ին՝ Քաղաքի օրը, չեղարկվել էր Գուրիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Այնուհետև համերգը տեղափոխվել էր սեպտեմբերի 25-ին: Բայց Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բազմաթիվ զոհերի պատճառով համերգի մասին լուրը թերահավատորեն ընդունվեց Ախալքալաքի երիտասարդության կողմից։ Սոցցանցերում երիտասարդների շրջանում շարժում սկսվեց՝ համերգը չեղարկելու կամ հետաձգելու կոչերով։ Արդյունքում համերգը հետաձգվել էր անորոշ ժամանակով, սակայն երեկ այն կայացավ։ jnews.ge